Բաժիններ՝

«Փոքր ընկերությունները կարող են armzon.ru էլեկտրոնային հարթակի միջոցով արտահանել իրենց ապրանքը». Ռոբերտ Մակարյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրեց լիզինգ պետական ծրագրի արդյունքները և մի քանի նոր ծրագրեր։

«Մենք հանրապետությունում սկսել ենք գյուղատնտեսական տեխնիկայի պարկի թարմացման գործընթացը։ Այդ նպատակով 2 խոշոր ծրագիր է իրականացվում՝ մեկը գյուղտեխնիկայի կայանի ծրագիրն է, որը մասնավոր համագործակցության արդյունքում է իրականացվելու»,- ասաց պարոն Մակարյանը։

Նրա խոսքով՝ սա հնարավորություն է տալիս ցածր վճարունակություն ունեցող գյուղացիական տնտեսություններին՝ օգտվել  տեխնիկայի կայանի հնարավորություններից և ավելի մատչելի պայմաններով ստանալ ծառայություն։

Ինչպես տեղեկացրեց նախարարի տեղակալը՝ ծրագրի մրցույթն իրականացվել է, և արդեն կա գործընկեր կազմակերպություն։ Առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում կներկրվի տեխնիկան, և նախնական տվյալներով՝ կայանը կսկսի գործել հանրապետության 5 մարզերում։

Ռ. Մակարյանի խոսքով՝ Գյուղատնտեսության նախարարությունն 9 տոկոսով լիզինգ է տրամադրում ֆերմերային տնտեսություններին, կոոպերատիվներին, համայնքներին։ Տրամադրվող 9 տոկոսից 7-ը սուբսիդավորվում է պետության կողմից, այսինքն՝ վերջանական արժեքով տոկասադրույքը դառնում է 2 տոկոս, որը, ըստ Ռ. Մակարյանի՝ բավականին աննախադեպ ծրագիր է  գյուղատնտեսության ոլորտում։

«Անգամ աշխարհի բազմաթիվ երկրներում այս տոկոսադրույքը լիզինգի պարագայում չի գործում, և հենց սրա նպատակը պարկի թարմացումն է և ֆերմերներին հնարավորություն ընձեռելը, որ նրանք կարողանան թարմացնել, նորացնել տեխնիկայի պարկը, որը բավականին  մաշված է»,- նկատեց նա։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ունի երեք լիզինգային գործընկեր կազմակերպություններ՝ ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպությունը, «Ակբալիզինգ» ընկերությունը և «Քալտ ագրոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությունը։

«ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպությունն արդեն շուրջ 10 մլն դրամի տեխնիկա վաճառել է։ 149 մլն դրամի հայտեր կան, որոնք հաստատված են և գտնվում են ուսումնասիրության փուլում, և կա 2 խոշոր ծրագիր. Մեկը՝  150 մլն դրամ արժողությամբ, մյուսը՝ 200 մլն։ Այդ երկու ծրագրերի հեղինակները երկու ընկերություններ են, որոնք նույնպես ցանկանում են ստեղծել մեքենատրակտորային կայաններ։ Գյուղատնտեսոթւյան աջակցության մարզային կենտրոններում գտնվում են  նաև 35 լիզինգային հայտեր՝ շուրջ 750 մլն դրամ արժողությամբ»,- տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարի տեղակալը և նշեց, որ լիզինգային ծրագիրը կարելի է համարել հաջողված։ Այն շարունակվելու է մի քանի տարի, որպեսզի առավելագույնս թարմացվի տեխնիկայի պարկը։

Ռոբերտ Մակարյանը խոսեց նաև մի նոր ծրագրի մասին, որի հեղինակն է «Սպայկա» ընկերությունը։

««Սպայկան» ձեռնարկել է մի խոշորամասշտաբ ծրագիր՝ Armzon, որն էլեկտրոնային հարթակ է։ Այն նպատակ ունի այնպես անել, որ մեր բոլոր վերամշակողները, կլինեն խոշոր, փոքր, ինչպես նաև՝ արտադրողները, կարողանան իրենց արտադրանքը ներկայացնել, որի վաճառքն իրականացվում է այժմ Մոսկվայում և Կրասնոդարում, բայց նպատակ կա տարածվելու ՌԴ-ի այլ տարածաշրջաններում ևս»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այս էլեկտրոնային հարթակը լուծելու է մի քանի խնդիր. «Փոքր ընկերությունները, որոնք ունեն մարքետինգային ծախսերի խնդիր, կարող են այս հարթակի միջոցով արտահանել իրենց ապրանքը։ Ապրանքը վաճառելուց հետո պարտքեր չեն առաջանա գյուղացիների կամ վերամշակողների մոտ։ «Սպայկան» անմիջապես կիրականացնի վճարումները։ Միջնորդավճար, լրացուցիչ ծախսեր չկան։

Բոլորը կարող են դիմել «Սպայկա» ընկերությանը, կնքել պայմանագիր և աշխատել»։
Իսկ ներկայացվող հաջորդ ծրագիրը Գյուղատնտեսության նախարարության  կողմից էր.

«Գյուղատնտեսության նախարարությունը ստեղծելու է  արտահանման կոորդինացման մի կառույց, որը մեր փոքր, միջին ձեռնարկությունների ապրանքների արտահանումը կկազմակերպի և կկոնսոլիդացնի։ Երբ հասավ այն փուլը, որ կազմակերպությունները կլինեն ինքնուրույն, կկարողանան վաճառքի  խնդիրները լուծել, պետությունը գործընթացից մի կողմ կքաշվի»,- նշեց Ռ. Մակարյանը։

Նրա խոսքով՝ այս ծրագրի հիմնական նպատակը կլինի որակի, վաճառքի, լոգիստիկ ծառայությունների ապահովումը, մաքսային և սննդի անվտանգությունների ծառայությունների մատուցումը։

«Այսինքն՝ մենք մի քանի տարի օգնելու և աջակցելու ենք փոքր, միջին ընկերություններին, որպեսզի կարողանան իրենց արտադրանքը համապատասխանեցնել միջազգային որակի ստանդարտներին և իրականացնել արտահանում, որն իր շղթայական ազդեցությունը կունենա գյուղմթերք արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունների կնքման, նորմալ հարաբերությունների կառուցման և վճարումների ժամանակային կատարման առումով»,- ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս