Բաժիններ՝

«Հակամաճարակային գործընթացը տեղին չի կատարվում, դրա համար էլ ունենում ենք բրուցելյոզ»

Վերջերս լրատվամիջոցներում հաղորդագրություն էր տարածվել, որ Շիրակի մարզում բրուցելյոզ է հայտնաբերվել: «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ միայն Շիրակի մարզում չէ տարածված այն. կան մի քանի մարզեր, որտեղ հաճախակի լինում են բրուցելյոզի դեպքեր, դա կոչվում է էնդեմիկ գործընթաց, այսինքն՝ տեղայնացված է:

Բրուցելյոզի դեպքեր 85 %-ով լինում են ոչխարների մոտ, մնացած 15 %-ը՝ խոշոր եղջերավորների մոտ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մելիտա Հակոբյանը նշեց, որ շատ հաճախ բրուցելյոզը տարածվում է հատկապես Ճամբարակում: Եվ սա պետք է հնարավորին չափ վերացնել հակահամաճարակային մեթոդով, որպեսզի խնդիրներ չառաջանան: Իսկ ներկայումս հակամաճարակային գործընթացը, ըստ բանախոսի, տեղին չի կատարվում, դրա համար էլ մենք ունենում ենք բրուցելյոզ: Հիմա, նրա խոսքով՝ անասուններին լրիվ վերացնում են, որի արդյունքում մեծ վնաս է կրում և՛ տնտեսվարող սուբյեկտը, և՛ պետությունը, քանի որ որոշ չափով փոխհատուցում է կատարում:

«Ամեն մեկը պետք է նորմալ կատարի իր աշխատանքը, եթե մենք ունենում ենք էպիդեմիաներ, ունենում ենք բրուզելյոզ, հետևաբար՝ աշխատանք չի կատարվում: Մի ժամանակ մենք քիչ էինք ունենում բրուցելյոզի դեպքեր, հնարավորինս ամեն ինչ անում էինք դրա համար, ուրեմն հիմա էլ պետք է աշխատել, որ չլինեն այսպիսի բաներ»,- ասաց նա:

Մելիտա Հակոբյանի համոզմամբ՝ այստեղ առկա է նաև գյուղացիների թերացումը. Անասուններին ճիշտ ժամանակին չեն պատվաստում, գյուղացիներն այդքան գումար չեն ունենում, որպեսզի պատվաստեն կենդանիներին:

Ասուլիսի մյուս բանախոս, մարկետոլոգ Ռուբեն Հաթյանը շեշտեց, որ, եթե 21-րդ դարի այս քաղաքակիրթ ժամանակներում, տարբեր հազարավոր պրեպարատների առկայության պարագայում, այս փոքրիկ երկրում բրուցելյոզի բռնկումներ հաճախ են լինում, ուրեմն մեր Գյուղնախարարության համապատասխան ծառայությունը տեղին չէ, պահանջկոտ չէ, լավ չի աշխատում: Այսինքն՝ Հայաստանում անասնաբուժությունը բարձր դիրքում չէ:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս