Եվրամիությունն անդրադարձել է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված ընդդիմադիր լրագրողի գործին
Եվրոպական միությունն, անդրադառնալով ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըի ձերբակալությանը, կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատությունները: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Մենք ակնկալում ենք, որ այս միջադեպը Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ կենթարկվի արդյունավետ և թափանցիկ հետաքննության»,- նշվում է Եվրամիության հայտարարության մեջ:
Եվրոպական միության արտաքին գործերի կոմիսար Ֆեդերիկա Մոգերինին «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության հետ զրույցում անդրադառնալով Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխվելուց հետո ձերբակալված Աֆղան Մուխտարլըի գործին ասել է. «Մենք լուրեր ենք ստացել, որ Վրաստանում բնակվող և գործունեություն ծավալող լրագրող Աֆղան Մուխտարլըն ապօրինաբար առևանգվել և առանց որևէ ապացույցի ձերբակալվել է Ադրբեջանում»:
«Ցանկացած անձի, առանց վկայության և ապացույցի ձերբակալելը հակասում է մարդու իրավունքների միջազգային նորմերին, ինչը դատապարտելի է: Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրում պարզ նշված է, որ չի կարելի որևէ մեկին առանց ապացույցի ձերբակալել կամ աքսորել», հավելել է Եվրամիության արտաքին գործերի կոմիսարը:
Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ մարդու հիմնարար ազատությունները, քաղաքական և քաղաքացիական իրավունքներն ապահովելը այս պարագայում, և Ադրբեջանի, և Վրաստանի պարտականությունն է: