«Այդքան հմուտ դատավորներով, դատապաշտպաններով ու դատախազներով Մարտի 1-ի դեպքերը չբացահայտվեցին». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում կարծիք հայտնեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Նախ՝ նա բերեց համաշխարհային պրակտիկայում ընդունված տարբերակը, երբ դատավորների, դատախազների աշխատավարձերը, թոշակները բարձրացնում են, որովհետև դա նրանց անկախության առաջին երաշխիքներից մեկն է. «Ընդ որում՝ համարվում է, որ նա պետք է ապահովված լինի բարձր աշխատավարձով ոչ միայն աշխատանքի ժամանակ, այլև չունենա գայթակղություն կուտակելու՝ անարդար փողերով իր հետագա կյանքն ապահովելու համար։ Այսինքն՝ հստակ գրված է, և, եթե ես տեսնեմ, որ միջազգային հանրությունը ողջունում է այսպիսի մոտեցումը, որևէ մեկդ չզարմանաք»։

Ինչ վերաբերում է Հայաստանի պարագային՝ նա հետևյալ հարցադրումն արեց. «Արդյո՞ք դա արվում է մեր հետագա զարգացումն ապահովելու, հանրության մեջ վստահության և արդարության զգացումն ավելացնելու համար»։

Ալավերդյանը հիշեցրեց նաև, որ, երբ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո Դատախազության աշխատավարձերը բարձրացվեցին, դա դիտվեց՝ որպես կաշառք, իշխանության կողմից Դատախազությանը կաշառելու ձև. «Մենք գիտենք, որ մարտի 1-ի դեպքերը՝ այդքան հմուտ դատավորներով, դատապաշտպաններով ու դատախազներով, չբացահայտվեցին։ Դրա համար դա մնաց՝ որպես հատվածական, գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանը կաշառելու ձև»։

Կարդացեք նաև

Ըստ նրա` պետք է հստակեցնել` արդյո՞ք սա այլ նպատակով չի ընդունվում. «Ես կարծում եմ, որ այդ հարցում պառլամենտը չպետք է շտապեր, որոշակի հստակեցումներ պետք է աներ, նոր օրենքի ընդունմանը գնար։  Տպավորություն է, թե սա նշանակում է՝ դատական իշխանություններին դուր գալ: Սա ոչ թե հակակշիռ է ստեղծում, այլ իրար դուր գալու խնդիր է առաջ քաշում»։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ անկախ դատավոր Պարգև Օհանյանն էլ նշեց, որ օրենքի այդ նախագիծն ընդունվեց ավելի շատ դատախազների ու քննիչների համար.

«Սա շահագրգռություն է ստեղծում, որ Դատախազության կադրերը երիտասարդանան։ Այս օրենքի ընդունունով շահեց արդարադատությունը, քանի որ Դատախազությունը թուլացավ, փաստաբաններն ուժեղացան, արդարացված դատավճիռները շատացան»:

Միևնույն ժամանակ, Օհանյանը մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում օրենքներն ավելի շատ ընդունվում են ինչ-որ պահի համար. «Օրենքները մենք ընդունում ենք ինչ-որ պահի համար, ինչ-որ կարճ տարածության համար, ինչն անընդունելի է, օրենքը պետք է ընդունվի հեռատեսորեն, ոչ թե պահի համար, դա մեզ պատիվ չի բերում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս