
«Հայաստանում մարդիկ չեն բողոքում իրենց աղքատությունից, այլ բողոքում են արդարության պակասից». Նաիրա Զոհրաբյան

«Ես շարունակում եմ վստահ պնդել, որ երբ 2007թ. մենք քննարկում էինք դատավորների, դատախազների աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելը, հիմքում մեկ մոտիվացիա է եղել՝ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խորհուրդ տալով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին՝ ծանոթանալ այդ հիմնավորումներին։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ անցած 10 տարվա ընթացքում այս համակարգում, ցավոք սրտի, կոռուպցիոն ռիսկերը չեն նվազել։ Կրկնում եմ՝ դալանում մի դատավորի բռնելով և այդ շոուն հեռուստաընկերություններով ցուցադրելով՝ մեզնից որևէ մեկին չեք համոզի, թե դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազել են»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքը պետք է քննարկի հարցը, թե արդյո՞ք իմաստ ունի այդ մարդկանց 1 մլն կամ 800 հազար դրամ աշխատավարձ տալ։ «Հետո ջերմոցային պայմաններ ստեղծել, օրենքի կետը 2014թ.-ից տանել 2017թ., որպեսզի համակարգի պրոֆեսիոնալները հանկարծ չնեղանան, որ քիչ թոշակ են ստանալու, և չլքեն համակարգը»,- հեգնեց Զոհրաբյանը։
Զոհրաբյանն ընդգծեց, որ 1 մլն աղքատություն ունեցող Հայաստանում ցանկացած սոցիոլոգիական հարցում ցույց է տալիս, որ մարդիկ չեն բողոքում իրենց աղքատությունից, այլ բողոքում են արդարության պակասից.
«Մեր երկրում կա ռեալ արդարության ճգնաժամ։ Ցանկացած պատգամավոր այսօր ստանում է առնվազն 500 նամակ՝ մեկ նստաշրջանի ընթացքում, որոնց 90 տոկոսը վերաբերում է դատական համակարգում առկա խնդիրներին։ Ես շատ լավ հասկանում եմ՝ ձեր բերած փոփոխությունն ինչ խնդիր է կարգավորում. ջերմոցային պայմաններ ստեղծել այն մի քանի տասնյակ մարդկանց համար, որոնք կխռովեն, կլքեն համակարգը»։