Բաժիններ՝

Քլինթոնը «պատմական սխալ» է համարել Փարիզի համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումը

ԱՄՆ-­ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «պատմական սխալ» է համարել ԱՄՆ-ը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։

«Պատմական սխալ: Աշխարհը միահամուռ առաջ է շարժվում կլիմայական փոփոխությունների հարցում: Փարիզի համաձայնագրից դուրս գալը հետեւում է թողնում ամերիկյան ընտանիքներին ու աշխատավորներին»,­-գրել է նա Twitter-­ում:

Իր հերթին The Walt Disney Company ամերիկյան կոնգլոմերատի գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը հայտարարել է, որ դուրս է գալիս ԱՄՆ-­ի նախագահին առընթեր Ռազմավարության եւ քաղաքականության համաժողովի կազմից, որը բիզնեսի նշանավոր գործիչների խորհրդատվական խորհուրդ է: Այդ որոշումը կապված է կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ­-ը դուրս բերելու Թրամփի որոշման հետ:

Ավելի վաղ համանման հայտարարություն է արել ձեռնարկատեր Իլոն Մասքը, որը գլխավորում է Tesla եւ Spacex ընկերությունները Նախօրյակին Թրամփը հայտարարել է կլիմայի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ­-ի դուրս գալու մասին: Նրա կարծիքով՝ այն շահավետ չէ Միացյալ Նահանգների համար:

Նախագահն ասել է, որ ԱՄՆ­-ը բանակցություններ կսկսի կա՛մ Փարիզի համաձայնագրին կրկնական անդամակցության, կա՛մ «նոր գործարքի» կնքման շուրջը «Միացյալ Նահանգների, նրա ձեռնարկությունների, նրա աշխատողների, նրա մարդկանց, նրա հարկատուների համար արդարացի պայմաններով»:

Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12­-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցներ համաձայնության են եկել թույլ չտալու մինչեւ 2100 թվականը մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի 2 աստիճանից ավելի:

Գիտնականները կարծում են, որ ջերմաստիճանի ավելի զգալի բարձրացումը, որի պատճառը հանածո վառելիքի այրման հետեւանքով մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումներն են, կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել մոլորակի բնապահպանության համար:

2016 թվականի ապրիլի 22-­ին ՄԱԿ-­ի կենտրոնակայանում կայացած գագաթնաժողովում 175 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, Գերմանիան, Հնդկաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ­ն, ստորագրել են այդ համաձայնագիրը: Պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ­-ը պարտավորվել է մինչեւ 2025 թվականը արտանետումների մակարդակը 10­-ամյա վաղեմության ցուցանիշների համեմատությամբ կրճատել 26-28 տոկոսով,
հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս