Ովքեր են այցելում Հայաստան, որ երկրներից և ինչ նպատակով

Զբոսաշրջության թեմային վերջին շաբաթվա ընթացքում արդեն մեկ անգամ անդրադարձել ենք՝ զբոսաշրջիկների և այցելուների տարբերության հետ կապված տարընթերցումները պարզաբանելու համար։ Այժմ շարունակում ենք տուրիզմի թեման, քանի որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը նոր՝ ավելի մանրամասն տվյալներ է հրապարակել այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների վերաբերյալ։

Ինչպես ներկայացնում է ԱՎԾ-ն, ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2017թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 1 298 533 զբոսաշրջիկ կամ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%-ով (հատուկ ընդգծենք՝ խոսքը ոչ թե այցելուների, այլ զբոսաշրջիկների մասին է):

Որ երկրներից են հիմնականում այցելել Հայաստան այս ընթացքում։

Ըստ ԱՎԾ-ի՝ 2017թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26.1%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14.2%-ը` ԵՄ երկրներին, և 59.7%-ը` այլ երկրների։ Ընդգծենք, որ այս տվյալները մոտավոր են, որովհետև վիճակագրական զեկույցում հատուկ պարզաբանվում է, որ դրանք ստացված են՝ ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների։

Իսկ հյուրանոցներում հանգրվանողներն ընդհանուր զբոսաշրջիկների փոքր մասն են միայն (այդ մասին էլ կխոսենք)։ Ինչպես տեսնում եք աղյուսակում, հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճել է 36.2%-ով։

Ամենից շատ աճել է Կանադայից (3 անգամ) և Իտալիայից (2.4 անգամ) ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Սակայն, չնայած այս աճին, այդ երկրներից ժամանած զբոսաշրջիկների կշիռն ընդհանուր թվի մեջ շարունակում է փոքր մնալ՝ համապատասխանաբար՝ 3.7% և 1.1%:

Իսկ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն Իրանից ժամանած զբոսաշրջիկները՝ 29.5%: Իհարկե, սա պայմանավորված է Նովրուզ-Բայրամի օրերին իրանցի զբոսաշրջիկների ներհոսքով, և տարվա մյուս ամիսներին հոսքը դանդաղում է։ Սակայն մյուս կողմից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աճ կա։ Այսպես, նախորդ տարի Իրանին բաժին էր ընկնում զբոսաշրջիկների 23.2%-ը, և այս ցուցանիշով իրանցիները զիջում էին Ռուսաստանին, որի կշիռը 26.9% էր։

Այս տարվա առաջին եռամսյակում առաջին տեղում հենց Իրանն է, իսկ Ռուսաստանը՝ զբոսաշրջիկների կշռով, նահանջել է երկրորդ տեղը (22.3%): Ռուսաստանից ժամանած և ՀՀ հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների թիվն աճել է 12.8%-ով, իսկ Իրանից ժամանածներինը՝ 72.8%-ով։ Սա վկայում է իրանցիների կողմից Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։

Զբոսաշրջիկների թվով երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 7.1%, որին հաջորդում են Ֆրանսիան և Կանադան (3.7-ական տոկոս), Վրաստանը և Գերմանիան (3.1-ական %)։

Իսկ ի՞նչ նպատակով են զբոսաշրջիկներն այցելում Հայաստան։ Գերակշիռ մասը՝ 60.4%-ը, այս տարվա առաջին եռամսյակում այցելել է հանգստի և ժամանցի նպատակով։ Պայմանականորեն նրանց կարելի է անվանել «դասական» զբոսաշրջիկներ, որոնց կշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է (2016-ի առաջին եռամսյակում 40.5% էր)։

Ըստ այցելության նպատակի՝ երկրորդ տեղում գործնական նպատակներով այցելողներն են՝ 23.1%։ Ժամանած զբոսաշրջիկների 0.4%-ը Հայաստան են եկել բուժման նպատակով, 16.1%-ը՝ այլ նպատակներով (նշենք, որ այս թվերը նույնպես մոտավոր են, որովհետև հիմնված են միայն հյուրանոցային տնտեսություններում հանգրվանած զբոսաշրջիկների հարցման արդյունքների վրա)։

Որտե՞ղ են նախընտրում հանգրվանել Հայաստան այցելող զբոսաշրջիկները։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ նրանց մեծ մասը նախընտրում է մնալ ոչ թե հյուրանոցներում, այլ վարձով տրվող բնակարաններում կամ հարազատների տանը։ Այսպես, 2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ այցելած 298 533 զբոսաշրջիկներից 256 837-ը (86%-ը) հանգրվանել են վարձով տրվող բնակարաններում կամ հարազատների տանը։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանել են 41 696-ը (14%-ը)։

Սակայն դինամիկան հյուրանոցների օգտին է։ Այսպես, հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 36.2%-ով, իսկ բարեկամի կամ վարձով տուն նախընտրողներինը՝ 15.8%-ով։

Անդրադառնանք նաև Հայաստանից մեկնող զբոսաշրջիկներին։

2017թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 266 324 մարդ, կամ 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.1% -ով:

Մեկնողների դեպքում վիճակագրությունը չի ներկայացնում ըստ երկրների բացվածքը կամ հյուրանոցներում ու այլ վայրերում հանգրվանելու տվյալները։ Փոխարենը՝ ներկայացնում է, թե Հայաստանից մեկնող զբոսաշրջիկներից քանիսն են ինքնուրույն մեկնել արտերկիր, և քանիսը՝ օգտվել զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից։

Ըստ ԱՎԾ տվյալների, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից մեկնած 266 324 զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը՝ 265 826-ը (99.8%-ը), Հայաստանից մեկնել է ինքնուրույն։ Զբոսաշրջային գործակալությունների կողմից կազմակերպվել է ընդամենը 498 զբոսաշրջային այցելություն (0.2%)։

Ընդ որում, նախորդ տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջային գործակալությունների կողմից կազմակերպվել էր ավելի շատ՝ 667 այցելություն, ինչը նշանակում է, որ այս տիպի ծառայությունների նկատմամբ պահանջարկը գնալով նվազում է։

Արտերկիր այցելող հայաստանցիների 57.9%-ը մեկնել է հանգստի և ժամանցի նպատակով։ Ի դեպ, 2016 թվականի առաջին եռամսյակում այս ցուցանիշը 77.1% էր։

Գործնական նպատակով Հայաստանից մեկնած զբոսաշրջիկներն ընդհանուր թվի 4%-ն են։ Կրթության և բուժման նպատակով արտերկիր մեկնողներ, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա առաջին եռամսյակում չեն գրանցվել (կամ թիվն այնքան փոքր է, որ ներկայացնելն իմաստ չունի)։ Իսկ մնացած 38.1%-ը Հայաստանից մեկնել է այլ նպատակներով։

Տեսանյութեր

Լրահոս