«Չափազանց բարդ, եթե չասեմ՝ Նոբելյան մրցանակի արժանի աշխատանք է լինելու». Ստեփան Սաֆարյան

Չափազանց բարդ աշխատանք է լինելու՝ մնալ Եվրասիական միությունում և կերտել եվրոպական մոդելի պետություն։

Այս մասին այսօր «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով կոնֆերանսի ընթացքում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նա նշեց, որ ընդունված է 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը շրջադարձ համարել։
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ օրը Մոսկվայում հայտարարել էր Մաքսային միությանը միանալու վերաբերյալ որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ:

«Դա երկու քայլ ետ էր, և մինչև օրս Հայաստանը դրա փոխարեն անգամ մեկ քայլ առաջ չի կատարել։ Եթե 3.5 տարի բանակցվում էին Ասոցացման, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը, որոնք չափազանց լուրջ խորացնում էին Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները բոլոր ոլորտներում, ապա 3.5 տարի է՝ մենք ունենք ինչ-որ բանակցային պրոցես, որտեղ փորձ է արվում վերասահմանել Հայաստանի և Եվրամիության նոր հարաբերություններ նոր պայմանագրի և իրավական շրջանակի շուրջ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը՝ նշելով, որ, եթե նախկին համաձայնագիրը նախատեսում էր տնտեսական ոլորտի օրենսդրության շատ լուրջ մոտարկում՝ նույնականացում Եվրոպական միության տնտեսական ոլորտի օրենսդրության հետ, ապա մենք այժմ դա չենք կարող ունենալ, քանի որ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանի հանձնառություններն այդ միության շրջանակներում՝ մի կողմից, մյուս կողմից՝ այդ միության անորոշ ապագան ու էվոլյուցիայի անորոշ հեռանկարը շատ մեծ զգուշավորություն են առաջացնում տնտեսական, առևտրային ոլորտում խորը հարաբերությունների հաստատման առումով։

«Այս կտրվածքով ես նույնիսկ մի փոքր զգուշավոր կլինեմ այդ համաձայնագիրն անվանել ասոցացման համաձայնագրի մեղմ կամ light տարբերակ։ Ինչպես հայտարարում են, այս համաձայնագրով նախատեսված են տնտեսական և առևտրային բլոկի հարցեր, բայց դրանք, միևնույն է, չեն կարող ուղղակի անցնել Մոսկվայի կողմից թույլատրվածի սահմանները։ Ես վաղ առավոտից փորձում եմ հասկանալ՝ ինչի մասին է այս նոր պայմանագիրը, ես այդպես էլ չհասկացա։ Վստահ եմ՝ որևէ մեկն էլ չհասկացավ, թե ինչի մասին է այդ պայմանագիրը, որովհետև այդ պայմանագիրը նույնքան գաղտնի է պահվում, որքան գաղտնի էր պահվում Ասոցացման համաձայնագիրը, և երբ եկավ այդ համաձայնագրի տապալման պահը, նույնիսկ նրանք, ովքեր իրենց հայտարարում էին՝ որպես եվրոպական ինտեգրման ջատագովներ, չէին կարող պաշտպանել մի բան, որից տեղյակ չեն»,- ասաց Ստեփան Սաֆարյանը՝ նշելով, որ վստահ չէ, որև նույնը չի կատարվի, և որևէ քաղաքական ուժ, բացի դիրքորոշում հայտնելուց, ավելին կանի՝ կստանձնի պայմանագրի պաշտպանության գործընթացը։

Ստեփան Սաֆարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ազգային ժողովում փակվում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։

«Սա որևէ բան ասո՞ւմ է Հայաստանի՝ եվրոպական ամբիցիաների մասին, թե՞ չի ասում։ Իմ կարծիքով՝ ասում է։ Տեսլականի մասին որևէ բան ասո՞ւմ է, թե՞ չի ասում։ Ասում է։ Այս օրերին ձևավորվում է կոռուպցիայի կանխարգելման դեմ մարմին։ Մի կողմ եմ թողնում, որ անվանումը փոխել են. եթե նախկինում խոսում էին կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովից, այժմ կանխարգելում են։ Չգիտեմ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ նոր շեշտադրումը։ Միգուցե կոռուպցիայի դեմ արդեն պայքարել ենք, պետք է կանխարգելել, բայց սա ինչ-որ բան ասո՞ւմ է, առավել ևս, երբ ձևավորվում է մի մարմնի հենքի վրա, որն արդեն տարիներով ապացուցել է իր ոչ կենսունակությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրինականության, օրենքի առջև հավասարության, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի և այլնի առումով։ Իմ կարծիքով՝ կրկին ասում է։

Եվ, ի վերջո, նաև կարծում եմ՝ չափազանց վատ ուղերձ են տալիս հենց 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները և դրանց բնույթը՝ ասելու համար՝ մենք արդյոք ունե՞նք եվրոպական տեսլական։ Ցավալիորեն, արձանագրում եմ, որ Հայաստանն այս պահին այդ անուղղակի ազդանշաններով ավելի շատ ասում է, որ այդպիսի ամբիցիաներ, մեծ նշաձող չի դնում իր առջև»։

Ստեփան Սաֆարյանը հարց հնչեցրեց՝ արդյոք հնարավո՞ր է ստեղծել եվրոպական մոդելի պետություն, երբ չկա հստակ ձևակերպված տեսլական, տեսանելի չէ Հայաստանի ամբիցիան, Հայաստանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության կազմում, երբ այդ միությունից դուրս գալու խնդիր դրված չէ։

«Չեմ ուզենա կատեգորիկ գտնվել և ասել՝ հնարավոր չէ, բայց եթե անգամ դրա հավանականության փոքր իսկ հույս կա, ապա իմ կարծիքով՝ չափազանց բարդ, եթե չասեմ՝ Նոբելյան մրցանակի արժանի աշխատանք է լինելու՝ մնալ Եվրասիական միությունում և կերտել եվրոպական մոդելի պետություն, ունենալ Եվրոպական միության տնտեսական, առևտրային և այլ օրենսդրություններին միանգամայն համահունչ օրենսդրություն՝ գտնվելով բավական պահպանողական, պրոտեկցիոնիստական շուկայում և նաև տալով այդպիսի ուղերձներ՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, ազատ ընտրությունների հարցերում։ Արդյոք մենք ճիշտ ճանապարհի՞ վրա ենք։ Ես կարծում եմ՝ մենք ընդհանրապես ոչ մի ճանապարհի վրա ենք»։
Ամեն դեպքում, Ստեփան Սաֆարյանի խոսքով, գիտակցենք թե ոչ, Եվրոպան և Հայաստանը միմյանց անհրաժեշտ են, Հայաստանը կենսական անհրաժեշտություն ունի՝ օգտագործելու գործիքներ, որոնք առաջարկում է Եվրոպական միությունը։

Տեսանյութեր

Լրահոս