
Անհրաժեշտ են ոչ միայն հայտարարություններ, այլև գործողություններ

«Հայաստանն արձանագրում է, որ հասունանում է մի վիճակ, երբ միջազգային միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ-ն պետք է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը սանձելու համար ոչ միայն հայտարարություններ, այլեւ գործողություններ անի»,- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Համանախագահները մատնանշեցին, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի պայմանավորվածությունը, կրակ բացել: Ադրբեջանը դեմ էր դուրս գալիս հետաքննական մեխանիզմների ներդրմանը հենց այն պատճառով, որ հնարավորություն չտա համանախագահներին կամ մեխանիզմի համապատասխան մասնակիցներին՝ մատնանշելու, թե ով է խախտում հրադադարը եւ ով է առաջինը բացում կրակ: Իսկ դա ակնհայտ էր անգամ առանց մեխանիզմի, եւ դա ցույց տվեց այն հայտարարությունը, որով հանդես եկան համանախագահող երկրները»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ սա առաջին հասցեական հայտարարությունը չէր, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից նման հայտարարություններ բազմիցս են հնչել՝ հորդորելով Ադրբեջանին չսրել իրավիճակը տարածաշրջանում, վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը եւ զերծ մնալ այն այլ ձեւաչափ տեղափոխելուց:
«Այո, հայտարարություններ բազմիցս են հնչել, սակայն Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել դրանք, այլ անել լրիվ հակառակը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: Ասված է, որ համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ է արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխանել են: