Հյուզ եղբայրները հպարտանում են իրենց հայկական արմատներով. աֆրոամերիկացիներ, ովքեր նվաճել են Հոլիվուդը
Հոլիվուդը նվաճած երկվորյակ Հյուզ եղբայրներ Ալենը և Ալբերտը ծնվել են 1972 թվականին, ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում, աֆրոամերիկացի հոր և ամերիկահայ մոր ընտանիքում, որի ընտանիքը թեհրանցի իրանահայեր էին։ Ապագա ռեժիսորների մանկությունն անցել է Կալիֆորնիայում, որտեղ Աիդա Հյուզը երկվորյակ եղբայրների հետ տեղափոխվել էր ամուսնալուծությունից հետո:
Առաջին տեսախցիկը մայրը նվիրել է որդիներին 12 ամյակի կապակցությամբ: Հենց այդ տեսախցիկն էլ որոշել է նրանց ճակատագիրը: Ամեն ինչ սկսվեց դպրոցում սովորելու տարիներին, երբ եղբայրների ստեղծագործական փորձարկումներ էին կատարում՝ տեսանյութեր նկարահանելով:
80-ականների վերջում Հյուզ եղբայրները նկարահանեցին իրենց առաջին՝ «The Drive By» կարճամետրած ֆիլմը, որը դարձավ լոսանջելեսյան անդերգրաունդի հիթ և օգնեց եղբայրներին Հոլիվուդում գործակալ գտնել:
Հյուզ եղբայրների մասնագիտական կարիերան սկսվել է «Հոլիվուդ Ռեքորդսում» (Hollywood Records), որտեղ նրանք ակտիվորեն սկսեցին տեսանյութեր նկարահանել ամերիկացի 90-ականների ամենահայտնի աստղերի համար՝ այդ թվում Թոուն Լոքի և Թուփաք Շակուրի:
Արդեն 1993 թվականին եղբայրները նկարահանում են իրենց ամենահայտնի ֆիլմը՝ «Սպառնալիք 2: Հասարակություն»-ը, որը ցուցադրվել է «Կաննի կինոփառատոն»-ում:
Կինոնկարի հաջողությունից հետո 1995 թվականին եղբայրները նկարում են իրենց նոր՝ «Հանգուցյալ նախագահները» (Dead Presidents) ֆիլմը, որի սցենարի հեղինակը մրցանակակիր դրամատուրգ Մայքլ Հենրի Բրաունն էր, 1995 թվականին ներկայացվել է Նյու Յորքի կինոփառատոնում։ Սրան հետևել է «Ամերիկացի կավատ» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1999 թվականին «Սանդենս» կինոփառատոնում։ 2001 թվականին եղբայրները նկարահանել են «Դժոխքից» ֆիլմը՝ Ջոնի Դեփի և Հիթեր Գրեմի մասնակցությամբ։ Նրանց հեռուստադեբյուտն է դարձել «Չարիքին դիպչելիս» հեռուստասերիալը։ Ալեն և Ալբերտ Հյուզերն իրենց տաղանդը փորձել են նաև երաժշտության ասպարեզում։ «Սպառնալիք 2: Հասարակություն» և «Հանգուցյալ նախագահներ» ֆիլմերի համար նրանց գրած երաժշտության սկավառակը, լույս տեսնելով, դարձել է պլատինե։ Եղբայրների նախկին նախագծերի թվում են այնպիսի մրցանակակիր արտիստների երաժշտական տեսահոլովակները, ինչպիսիք են Մարվին Գեյը (Inner City Blues) և Այզեք Հայզը (Walk On By-ի վերաթողարկումը)։ Եղբայրները նկարել են նաև երկու սոցիալական գովազդ՝ զենքի վերահսկման վերաբերյալ («Պատահական գնդակ» և «Այս պատերն անկանխակալ են»), որոնք առայսօր արժանացել են 44 մրցանակի, ներառյալ 4 «Կլիո»-ն։
Սակայն, հարկ է նշել, որ եղբայրների ամենահաջողված և հայտնի ֆիլմը 210 թվականին նկարահանված «Եղիայի գիրքն» է (The Book of Eli), որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Դենզել Վաշինգտոնը:
Այս տարվա սեպտեմբերին Հյուզ եղբայրներից մեկը՝ Ալբերտը, կներկայացնի իր նոր պատմական դրաման, որը վերնագրված է «Solutrean» և նկարահանվել է Columbia Pictures կինոստուդիայի կողմից:
Իրենց հարցազրույցներում Հյուզ եղբայրները մեծ հպարտությամբ են պատմում իրենց հայկական արմատների, հայկական դաստիարակության և իրենց պատմական հայրենիքի նկատմամբ սիրո մասին:
2010 թվականին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում եղբայրները այցելել են Երևան: