«Մոսկվան ցանկանում է առաջ մղել Ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումների եռակողմ ֆորմատը»
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ Մոսկվան առաջ է մղում եվրասիական համագործակցության իր սեփական պատկերացումներն ու դիրքորոշումները, և, որ ԵԱՀԿ-ն այդտեղ էական դերակատար չէ։ Շուրջ 1 ամիս առաջ՝ ապրիլի 28-ին, Եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է, այսինքն՝ նաև Մոսկվայի կամքն է, որ Եվրասիական տնտեսական միությունը զարգացնի կապերը Եվրոպական տնտեսական համագործակցության հետ, որպեսզի ավելի շահավետ պայմաններ ստեղծվեն թե՛ երկկողմ, թե՛ ԵԱՏՄ անդամ 5 պետությունների մասնակցությամբ բազմակողմ ուղղություններով։ Ռուսաստանն այդպիսով փորձում է խորացնել ինտեգրացիան դիտորդ պետությունների հետ, մասնավորապես՝ Մոլդովայի և Տաջիկստանի, որպեսզի տարածքային վեճերի լուծման ավելի ընդգրկուն տեսլական ունենա…
Ընդհանրապես, Մոսկվան ցանկանում է առաջ մղել Ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումների եռակողմ ֆորմատը, ինչպես եղավ Սանկտ Պետերբուրգում, երբ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին Վլադիմիր Պուտինի ուղղակի հովանու ներքո, որը հաստատում է այդ նոր դիվանագիտական ռազմավարությունը»,- 168.am-ին ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խորհրդական, Եվրոպայի հեռանկարների և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմմանուել Դյուպուին՝ մեկնաբանելով Հայաստանում շրջանառվող տեսակետը, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանն Ադրբեջանին կարող էր դրդել Ռուսաստանը։
Ըստ նրա՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին շատ ճիշտ դիրքորոշում է որդեգրել այդ կենսական կարևոր հարցում.
«Օրեր առաջ նա դիմել է ԵԱՀԿ-ում այժմ նախագահող Ավստրիային և լիակատար աջակցություն հայտնել, որպեսզի գտնեն այնպիսի որոշումներ, որոնք ընդունելի կլինեն յուրաքանչյուր կողմի համար։ Առաջին և ամենակարևոր խնդիրն այն է, որ ԵԱՀԿ-ն չպետք է գործիք դառնա Երևանի և Բաքվի համակարտության մեջ, այլ, ընդհակառակը, լինի միջնորդ, հաշտեցնող և խորհրդատու վստահության ամրապնդման, երկարատև խաղաղության և կայունության հաստատման գործընթացում, որից կշահեն նաև հարևան երկրները՝ Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան»,- ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: