Մեծ Բրիտանիայում ձերբակալել են Մանչեսթրի ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալի
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները եւս մեկ մարդու են ձերբակալել մայիսի 22-ին Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետաքննության շրջանակներում: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Մեծ Մանչեսթրի կոմսության ոստիկանությունը:
«Այսօր առավոտյան մենք մի տղամարդու ենք բերման ենթարկել Մոսս-սայիդ շրջանում: Ձերբակալումը կատարվել է մայիսի 22-ին «Մանչեսթր Արենա»-ում իրականացված գրոհի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Կալանքի տակ գտնվող կասկածյալների ընդհանուր թիվը 8-ն է:
«Մանչեսթր Արենա» ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է մայիսի լույս 23-ի գիշերը ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործել Է համերգասրահից դուրս՝ ճեմասրահում:
Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության զոհ է դարձել 22 մարդ, 75 հոգի վերքեր է ստացել, նրանցից 23-ն օրհասական վիճակում են:
Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչությունը կատարել է 22-ամյա Սալման Աբեդին, որը, ԶԼՄ-ների տվյալներով, ծնվել է Մեծ Բրիտանիայում լիբիացի փախստականների ընտանիքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: