Վրաստանի այցելուները՝ «ընդդեմ» Հայաստանի զբոսաշրջիկների

Գծապատկերը, որը դուք տեսնում եք, վերջերս կրկին օգտագործել էինք մեր հրապարակումներից մեկում։ Այն վերցված է Համաշխարհային բանկի տվյալների բազայից և ցույց է տալիս զբոսաշրջիկների թիվն ըստ տարիների՝ Հայաստանի և Վրաստանի համար։

Ցուցանիշի կոնկրետ անվանումն է՝ միջազգային զբոսաշրջություն, այցելությունների թիվ (International tourism, number of arrivals)։ Վրաստանը, ըստ այս տվյալների՝ 2016 թվականին ունեցել է 6 մլն 351 հազար զբոսաշրջիկ, Հայաստանը՝ 1 մլն 260 հազար։ Տարբերությունը հսկայական է, եթե հաշվի չառնենք մի կարևոր «մանրուք»՝ այս գծապատկերը սխալ է։ Այո, Համաշխարհային բանկի կայքում նույնպես կարելի է սխալներ գտնել։ Բանն այն է, որ այս Հայաստանի և Վրաստանի տվյալները համադրելի չեն՝ դրանք տարբեր ցուցանիշներ են։ Հայաստանի դեպքում ներկայացված է զբոսաշրջիկների թիվը, իսկ Վրաստանի դեպքում՝ այցելուների։ Դրանք տարբեր բաներ են։  Պարզաբանենք։

Ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ, և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով:

Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: Կարճ ասած, երկիր այցելող բոլոր այցելուները չեն, որ համարվում են զբոսաշրջիկ։ Հայաստանի վիճակագրությունը ներկայացնում է զբոսաշրջիկների թիվը՝ հենց այս մեթոդոլոգիայով։

Իսկ Վրաստանի դեպքում Համաշխարհային բանկը վերցրել է այցելությունների թիվը։ Որպեսզի հասկանալի լինի, թե այս թվերը որքանով են տարբերվում՝ կոնկրետ տվյալներ նշենք։ 2016 թվականին Հայաստան կատարվել է ընդհանուր առմամբ մոտ 2.9 մլն այցելություն (աղբյուրը՝ ՀՀ սահմանահատումների ծավալները՝ ըստ ՀՀ սահմանային անցման կետերի), որից զբոսաշրջային այցելություն եղել է 1.26 միլիոնը։  Վրաստանը 2016 թվականին ունեցել է 6.3 մլն այցելություն, որից զբոսաշրջային եղել է 2.7 մլն-ը։

Այսինքն՝ համեմատություն տանելիս՝ կամ պետք է Հայաստանի 2.9 միլիոնը համեմատվեր Վրաստանի 6.3 մլն-ի հետ, կամ պետք է Հայաստանի 1.26 մլն-ը համեմատվեր Վրաստանի 2.7 մլն-ի հետ։

Կարճ ասած, մեր փոքր ցուցանիշը համեմատվել է Վրաստանի մեծ ցուցանիշի հետ, և այդ սխալ համեմատությունը եղել է ի վնաս մեզ։ Այս «մանրուքը» շատերին է թյուրիմացության մեջ գցում, այդ թվում՝ նախկին ու ներկա պաշտոնյաներին։ Օրինակ՝ անցյալ շաբաթ ԱԺ նիստում Հայաստանի երկու նախկին վարչապետներ՝ Արամ Սարգսյանն ու Խոսրով Հարությունյանը, հենց այս թվի շուրջ էին բանավիճում։

Արամ Սարգսյանը համեմատականն անցկացնում էր Վրաստանի 6.3-ի և Հայաստանի 1.26-ի միջև։ Խոսրով Հարությունյանն իր պատասխանում նշեց, որ կա մեթոդաբանական տարբերություն։

Սակայն խնդիրը դա չէ։ Խնդիրը վերջում կներկայացնենք։ Մինչ այդ մի քանի հանգամանք էլ նշենք։ Բանն այն է, որ Վրաստանի վիճակագրությունը հստակ առանձնացնում է, թե երկիր այցելածներից որ մասն է զբոսաշրջիկ։ Վրաստանի պաշտոնական վիճակագրության մեջ չեք կարդա, որ իրենք ունեցել են 6.3 մլն զբոսաշրջիկ։ Այնտեղ հստակ նշվում է՝ 6.3 մլն այցելու և 2.7 մլն զբոսաշրջիկ։

Պարզապես վրացիներն այստեղ մի փոքր մանիպուլյացիա են անում։ Ի տարբերություն մեզ՝ նրանք առաջին պլան են մղում ոչ թե զբոսաշրջիկների թիվը (ինչպես մենք), այլ այցելուների։ Իսկ ոչ պաշտոնական նյութերի մեջ, առանց ձևականությունների՝ ակնհայտ աղավաղում են իրականությունը։

Օրինակ՝ այս տարվա մարտին մեծ աղմուկ (դրական իմաստով) բարձրացրեց այն տեսանյութը, որտեղ Վրաստանը բարձր դիմավորում էր 6 միլիոներորդ զբոսաշրջիկին (6 միլիոնի շեմը հատվել է 2016 թվականին)։

Տեսանյութում նշվում է հենց «զբոսաշրջիկ» (tourist), ոչ թե այցելու։ Այդ երիտասարդի համար անակնկալ էին պատրաստել դեռ օդանավակայանից, նրան տեղափոխում էին լիմուզինով՝ Ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ, ինչպես նախագահներին։ Նրան ընդունեց Վրաստանի վարչապետը, միասին ընթրեցին, և այլն։ Հետո մենք սկսեցինք դա քննարկել՝ այն իմաստով, որ վրացիները լավ են աշխատում, տուրիզմ են զարգացնում։

Որ նրանցից պետք է օրինակ վերցնել։ Սակայն հիացմունքի այդ մթնոլորտում մի կարևոր ճշմարտություն պարզապես կորավ՝ Վրաստանը 6 մլն զբոսաշրջիկ չունի։ Վրաստանն անցած տարի անգամ 3 մլն զբոսաշրջիկ չի ունեցել։

Նույն տրամաբանությամբ՝ Հայաստանն այս տարի կարող է նշել 3 միլիոներորդ զբոսաշրջիկի այցելությունը՝ ճոխ ընդունելություն կազմակերպելով 3 միլիոներորդ այցելուի համար (այդ շեմն այս տարի կհատենք, որովհետև, ինչպես նշեցինք, 2016-ին արդեն ունեցել ենք մոտ 2.9 մլն այցելություն)։

Կարճ ասած՝ վրացիներն ապակողմնորոշում են։ Ինչո՞ւ։ Դա պարզ «չարաճճիություն» կամ «թիթիզություն» չէ: Դա կոնկրետ հաշվարկի արդյունք է։ Տեսահոլովակը (որն անգլերեն լեզվով է) նախատեսված է դրսի լսարանի՝ պոտենցիալ զբոսաշրջիկների համար։ Ու երբ օտարերկրացին լսում է, որ Վրաստանն ամեն տարի ընդունում է 6 միլիոն զբոսաշրջիկ, իսկ Հայաստանը՝ 1.26, մտածում է, որ Վրաստանն ավելի արժանի է այցելելու համար։ Հո պատահական չէ՞, որ այդքան մարդ է այցելում։

Օտարերկրացին, իհարկե, չգիտի, որ այդ 6 միլիոնի մեջ մտնում են նաև Հայաստանի քաղաքացիները, ովքեր հասնում են Վրաստան՝ Թբիլիսիի օդանավակայանից Իսպանիա կամ Բուլղարիա մեկնելու կամ Սադախլոյից էժան լվացքի փոշի ու տակդիր գնելու համար։ Այդ թվի մեջ մտնում են նաև նույն Վրաստանի քաղաքացիները, ովքեր աշխատում են արտերկրում և Ամանորին մի քանի օրով վերադառնում Վրաստան՝ հանգիստն ընտանիքի հետ անցկացնելու համար։

Սխա՞լ են անում արդյոք վրացիները՝ այցելությունների թիվը զբոսաշրջիկների փոխարեն «սղացնելով»։ Ոչ։ Որովհետև իրենց այդպես ձեռնտու է և այդ ձևով խթանում են զբոսաշրջիկների ներհոսքը։

Խնդիրը, որի մասին վերևում նշեցինք, այն է, որ վրացիները կարողանում են չեղածը եղածի տեղ ներկայացնել, իսկ մենք եղածը նորմալ չենք ներկայացնում։ Կամ՝ շատ վատ ենք ներկայացնում։ Վրացիները կարողանում են ամեն ինչ գեղեցիկ փաթեթավորել, իսկ մենք մերը փաթեթավորելու փոխարեն՝ հիանում ենք վրացական փաթեթներով՝ հաճախ առանց խորանալու, թե ներսում ինչ է։

Իսկ ժամանակակից աշխարհում փաթեթավորումը (կամ մարքետինգը) ոչ պակաս կարևոր է, քան ապրանքն ու դրա որակը։ Միգուցե՝ ավելի կարևոր։

Տեսանյութեր

Լրահոս