
«Ռուսաստանն անամոթաբար միջամտել է ԱՄՆ-ի ընտրությունների գործընթացին». ԿՀԳ նախկին ղեկավար

Ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը հետաքննող Կոնգրեսի հանձնաժողովի նիստը սկսվեց Մանչեստերի ահաբեկչության զոհերին նվիրված աղոթքից, որից հետո կոնգրեսականների առջեւ ցուցմունք տվեց Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին ղեկավար Ջոն Բրենանը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ջոն Բրենանիի խոսքով, Մոսկվայի միջամտությունն ապացուցված փաստ է.
«Յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, որ Ռուսաստանն անամոթաբար միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրությունների գործընթացին»:
Բրենանի կարծիքով, Ռուսաստանի միջամտությունը չի սահմանափակվել միայն նախընտրական շրջանով: Նույնիսկ ընտրությունների ավարտից հետո Մոսկվան փորձում է ազդել իրավիճակի վրա.
«Ռուսները շատ ուշադիր հետեւում է Վաշինգտոնում տեղի ունեցող զարգացումներին եւ կփորձեն օգտագործել դրանք սեփական շահերի համար: Օրինակ՝ փորձելով թշնամություն սերմանել Վաշինգտոնում»:
Կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքով, միջամտությունը հրահանգվել է ամենաբարձր ատյաններից.
«Մեր ընտրություններին միջամտելու որոշումն եկել է Կրեմլի ամենաբարձր պաշտոնյաներից»:
Ռուսաստանի միջամտության մակարդակն այնքան մեծ էր, որ անակնկալ դարձավ ամերիկացիներից շատերի համար, համոզված է կոնգրեսական Շիֆը: Կոնգրեսական Թոմաս Ռունին համոզված է, որ այլ երկրների կողմից միջամտությունները անխուսափելի են դառնում.
«Մեր ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը, լինի դա քարոզչության, թե այլ միջոցներով, ցավոք սրտի դարձել է այսօր նոր իրականություն, որին մենք պետք է համակերպվենք»:
Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին ղեկավար Բրենանն իր կողմից ավելացրել է, որ Մոսկվայի միջամտությունն այլ երկրների ներքին գործերի մեջ կատարվում է ինչպես հատուկ ծառայությունների եւ պետական մարմինների, այդպես էլ՝ ռուսաստանցի օլիգարխների ձեռքերով.
«Պուտինի քաղաքական դիրքը Ռուսաստանում հենված է կարեւորագույն օլիգարխների վրա, ովքեր կառավարում են միլիարդավոր դոլարների արդյունաբերական ճյուղեր եւ Ռուսաստանի տնտեսության առանձին մասեր»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում է հետաքննությունը, որի նպատակն է բացահայտել նախագահ Թրամփի վարչակազմի անդամների հնարավոր ապօրինի կապերը Ռուսաստանի հետ, մինչդեռ Կոնգրեսն անց է կացնում ավելի լայն քննություն ռուսական միջամտության վերաբերյալ։