«Լրտեսը կգնա խանութից անվճար հաց կխնդրի՞». Սարատակ համայնքի ղեկավարը՝ «լրտես»-թափառաշրջիկի արկածների մասին
Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավար Միշա Ղրզոյանը հերքում է գյուղում մայիսի 21-ին ոմն ադրբեջանցի լրտեսի հայտնվելու մասին տեղեկությունը, որն ակտիվ քննարկվում էր ոչ միայն Սարատակում, այլ նաև հարևան համայնքներում:
Լրատվամիջոցներից մեկում ևս հրապարակում էր եղել Հոռոմի խանութներից մեկում նկատված մի մարդու մասին, ով ներկայացել էր որպես Արցախում զոհված Կարեն Դանիելյանի հրամանատար, որ մինչև վերջին պահին եղել է Կարենի կողքին: Անծանոթը սկսել է պատմություններ պատմել Կարենի մասին:
Պատմածի որոշակի ոչ ճիշտ տեղեկությունը, ապա նաև Կարենենց տանը արդեն զինվորական համազգեստով մարդկանց տեսնելուց հետո նրա փախուստը գյուղացիներին ստիպում են մտածել, որ նա այն մարդը չէ, ում անունից խոսում է ու բռնում են նրան: Իսկ մտածել, թե նա ադրբեջանցի լրտես է, գյուղացիների պատմելով, իրենց ստիպել են նրա հեռախոսի մեջ իբր ադրբեջանական հաղորդագրություններն ու դրամապանակում ադրբեջանական փողը, որը հերքում է գյուղապետը:
Դեպքի մասին «Արմենպրես»-ը նախ հարցրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին: Վերջինս նշեց, որ ինքն ընդհանարապես նման ինֆորմացիայի չի տիրապետում: Իսկ Սարատակի գյուղապետ Միշա Ղրզոյանը փաստեց՝ անլուրջ դեպք է: «Անկապ ու անլուրջ բան է: Եղել է թափառաշրջիկի կարգավիճակով ոմն մեկը՝ նույնիսկ հոգեկան խանգարմամբ: Ես անձամբ այդ պահին չեմ տեսել, բայց ինքն աչքովս ընկել է, և երբ մարդիկ պատմեցին, արդեն հասկացա, թե ում մասին է խոսքը: Անլուրջ խոսակցություն է, մեկը տասը սարքելով՝ թափառաշրջիկին դիվերսանտ դարձրին»,- նշեց գյուղապետը՝ հավելելով, որ գյուղում արդեն նորմալ ու հանգիստ իրավիճակ է:
Ադրբեջանական փողի մասին տեղեկությանն ի պատասխան գյուղապետը վստահեցրեց՝ հյուրի մոտ ոչ մի գումար չի եղել, աղքատ, թափթփուկ վիճակ, գնացել է խանութից ապառիկ՝ «վերասյա» հաց է ուզել, չեն տվել:
Հոգեկան շեղվածություն ունեցող մարդ է: Լրտեսը կգնա խանութից անվճար հաց կխնդրի՞»,- նշեց գյուղապետը՝ ավելացնելով, որ ինքը տեղյակ չէ, թե այս պահին այդ մարդն ուր է:
Արմենուհի Մխոյան