«Սա ցույց է տալիս, որ նոր որակ է հաղորդվում զինադադարի ռեժիմի պահպանման ջանքերին». Դավիթ Բաբայան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունը նոր որակ է հաղորդում զինադադարի ռեժիմի պահպանման ջանքերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը:
«Սա շատ դրական զարգացում է: Մենք միշտ ասել ենք՝ ժամանակն է, որ հայտարարությունները լինեն հասցեական և կոշտ: Միգուցե առաջին անգամ է, որ այսպիսի համախմբված ու հասցեական հայտարարություն է հնչում, բայց հստակ նշվում է, որ մայիսի 15-ին Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, խոցել է զինտեխնիկա և ի պատասխան դրան, արցախյան կողմը ստիպված դիմել է պատասխան գործողությունների: Սա ցույց է տալիս, որ նոր որակ է հաղորդվում զինադադարի ռեժիմի պահպանման ջանքերին»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, եթե հայտարարությունը հասցեական է, կա հստակ գնահատական, իրերը կոչվում են իրենց անուններով, ապա դա առաջնային հիմքն է, որ դրանից հետո սկսվի նոր գործընթաց: Այսինքն` զինադադարը խախտողը պատասխան տա իր արածների համար:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը խոսում է այն մասին, որ բոլորը շահագրգռված են, որ տարածաշրջանում պահպանվի կայունություն, խաղաղություն:
Ալիևի արկածախնդրությունը, ներքին «ռազբորկաներից» հասարակության ուշադրությունը նման վտանգավոր ձևերով շեղելն անընդունելի է: Կարծում եմ, որ այս հայտարարությանը կհետևեն համապատասխան գործընթացներ, միգուցե, դրանք հրապարակային չլինեն, դա պարտադիր էլ չէ: Միջազգային հանրությունն իր դիրքորոշումն ավելի հստակ ու համառորեն է ներկայացնելու»,-հավելեց Դավիթ Բաբայանը: