Սահմանին լարվածությունն աճել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով. համանախագահներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) տարածած հայտարարության մեջ:

«Մի շարք վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել Շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա: Մայիսի 16-ից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»,- ասված է  հայտարարությունում:

Փաստելով, որ կողմերի կորուստների մասին ստացվում է իրարամերժ տեղեկատվություն, համանախագահները նշում են, որ թե՛ իրենք, թե՛ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակում են տեղեկատվություն և վերլուծություններ հավաքել` առկա իրավիճակի մասին ավելի լիարժեք և ճշգրիտ պատկերացում կազմելու համար:

«Համանախագահները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակամարտության գոտում լարվածության հետագա աճը կանխելու համար»,- նշում են համանախագահները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս