Ինչու են սմարթֆոնները հետևում մեզ, և ինչպես անջատել դա
Ժամակակից սմարթֆոնները գիտեն, թե որտեղ են գտնվում իրենց «տերերը», և պահպանում են գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը։ Lifehacker.ru-ն գրում է, որ, եթե չեք փոխել գեոլոկացիայի կարգավորումները, սմարթֆոնը հիշում է այն վայրերը, որտեղ գտնվում եք։ Ընդ որում, կարևոր չէ՝ օգտագործում եք iPhone, թե Android համակարգով աշխատող սմարթֆոն։ Apple-ն ու Google-ն այս վարքագիծը բացատրում են այն հանգամանքով, որ հավաքված տեղեկատվությունն օգագործվում է ծառայությունների մատուցման համար։
Օրինակ՝ iOS համակարգում գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններն օգտագործվում են եղանակի մասին տվյալներ, քարտեզների միջոցով ուղիները ցույց տալու և լուսանկարների վրա գեոթագեր ավելացնելու համար։ Android համակարգով աշխատող սմարթֆոնները գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններն օգտագործում են քարտեզների միջոցով ուղիները ցույց տալու և որոնման առավել ճշգրիտ արդյունքներ ապահովելու համար։
Ինչպես դիտել գտնվելու վայրի պատմությունը։ iOS համակարգում գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունները դիտելու համար բացեք «Կարգավորումներ» հատվածը, ապա՝ «Գաղտնիություն», «Գեոլոկացիայի ծառայություններ», «Համակարգային ծառայություններ», «Հաճախ այցելվող վայրեր»։ «Պատմություն» բաժնում ցույց կտրվեն այն վայրերը, որտեղ ամենաշատն եք լինում։ Յուրաքանչյուր նշում կարելի է բացել ու դիտել կոորդինատները քարտեզի վրա։
Android համակարգով աշխատող սմարթֆոնները ևս ցուցադրում են վիճակագրությունը։ Այն կարող եք դիտել «Գտնվելու վայրեր» հատվածում՝ բացելով «Գտնվելու վայրերի պատմությունը»։
Ինչպես անջատել տվյալների հավաքագրումն ու ջնջել դրանք։ Սա անելը բավական հեշտ է.
• iOS համակարգի դեպքում հարկավոր է անջատել «Հաճախ այցելվող վայրեր» կոճակը։ Այնտեղ կգտնեք նաև «Ջնջել պատմությունը» կոճակը, որը կջնջի բոլոր տվյալները։
• Android համակարգի դեպքում «Գտնվելու վայրերի պատմությունը» բաժնում կարող եք գտնել «Ջնջել գտնվելու վայրերի պատմությունը» կոճակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը