
NASA-ն մարսյան «բեթմոբիլ» է ցուցադրել

NASA-ն ցուցադրել է նոր մարսագնացի լիամասշտաբ մոդելը: Ինչպես գրել է Daily Mail հրատարակությունը, ռովերը հիշեցնում է բեթմոբիլ՝ Lamborghini-ի եւ տանկի հիբրիդը Քրիստոֆեր Նոլանի եռերգությունի։
Վեցանիվ մարսագնացը կարող է տեղափոխել մինչեւ վեց աստղագնացների, սնուցվում է կուտակչային մարտկոցներից եւ իրենից ներկայացնում է դյուրատար լաբորատորիա: Ներկայացված մոդելը երբեք չի հայտնվի Մարսի վրա: Այն նախատեսված է Երկրի վրա նման ռովերների թեստավորման եւ ԱՄՆ-ում NASA-ի գիտահանրամատչելի ծրագրերի իրականացման համար:
Ածխածնային մանրաթելից եւ ալյումինից պատրաստված մարսագնացի երկարությունը 8,5 մետր է, լայնությունը՝ 4 մետր եւ բարձրությունը՝ 3,4 մետր: Մարսագնացի զանգվածը գնահատվում է 2,25 տոննա: Ռովերն ունակ է զարգացնելու ժամում մինչեւ 110 կիլոմետր արագություն։