
«Անկեղծ ասած, անընկալելի է». Տիգրան Մուկուչյանը՝ Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ շտաբ մուտք գործելու մասին

Երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական աշխատանքը, դա անհասկանալի է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նկատի ունենալով «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ նախընտրական շտաբ մուտք գործելը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պարագայում կոնկրետ արարքը պետք է գնահատվի կոնկրետ փաստարկների ուսումնասիրությամբ:
«Ինչ վերաբերում է ընտրական շտաբերի գործունեությանը, ապա յուրաքանչյուր կուսակցություն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր շտաբերի միջոցով և, բնականաբար, հատկապես քվեարկության օրը՝ աշխատանքների կազմակերպումն իրականացվում է շտաբերի միջոցով: Իսկ այն երևույթը, որը տարածվել է համացանցով և որին նաև մենք հետևեցինք, անկեղծ ասած, անընկալելի է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական աշխատանքը»,- ասաց Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ ԿԸՀ իրավասությունների տիրույթում գոյություն չունի որևէ պատասխանատվության կամ պատժիչ գործողության իրավական նորմ կամ ինստիտուտ: Մուկուչյանը նշեց, որ համապատասխան կառույցները կորակեն, թե ինչ հատկանիշներ է պարունակում արարքը և դրանով էլ կլինի գնահատականը: