«Դաշնակցությունը պարզապես կլինի Հանրապետական կուսակցության մեքենայի 5-րդ անիվը». Աղասի Ենոքյան
Մեր զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը
– Պարոն Ենոքյան, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ստորագրեցին հերթական կոալիցիոն հուշագիրը։ Ըստ Ձեզ՝ այս անգամ այն որքանո՞վ արդյունավետ կլինի։
– Արդյունավետությունը չի կարող ավելանալ կամ պակասել՝ անկախ նրանից՝ կոալիցիա կլինի՞, թե՞ չի լինի։ Այսինքն՝ Հայաստանում այնպիսի բուրգ է գործում, որտեղ ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանը։ Հարցն ուրիշ է՝ կոալիցիա կազմելով, նա, փաստորեն, փորձում է պատասխանատվության մի մասը մի կողմից՝ դնել այլ կուսակցության վրա, մյուս կողմից՝ Դաշնակցությանը կոալիցիայի մեջ մտցնելով՝ ապահովում է սփյուռքի զանգվածային աջակցություն, քանի որ սփյուռքի կայացած կառույցները հիմնականում դաշնակցական կառույցներ են։ Այսինքն՝ այստեղից այլևս ոչ մի քննադատություն նրան չի հնչի։ Կան, իհարկե, մեկնաբանություններ, որ սա ինչ-որ տեղ ուղղված է վարչապետի դեմ, և այլն։
Ես, ճիշտն ասած, թերահավատորեն եմ դրան մոտենում, որովհետև վարչապետը, այնուամենայնիվ, այս հարցերը լուծելուց Սերժ Սարգսյանի հետ է խորհրդակցում, և մենք, փաստորեն, տեսանք, որ նա փոփոխություններ արեց նախորդ կառավարությունում՝ կապված դաշնակցական նախարարների հետ, բայց ձեռք չտվեց քանակին, որովհետև դա իր լուծելու հարցը չի։ Դա Հանրապետական կուսակցության հուշագրով է և Սերժ Սարգսյանի կամքով է։
– 2018-ից հետո Սերժ Սարգսյանը, ըստ որոշ լուրերի, ինքն է պատրաստվում դառնալ վարչապետ, բայց նաև լուրեր կան, որ նա զբաղեցնելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Այս տարբերակներից ո՞րն է ավելի հավանական: Ձեր կարծիքով` ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը 2018-ից հետո։
– Ես չգիտեմ, դա երևի մի քիչ օրենսդրության խնդիր է, բայց Սերժ Սարգսյանը կմնա այնպիսի պաշտոնում, որ կարողանա 100%-ով կառավարել ամբողջ իշխանական համակարգը։ Իսկ թե ինչ պաշտոն կզբաղեցնի, դա դետալ է։
– Մենք նախկինում ականատես ենք եղել, թե ինչպես է ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմում և ինչպես է դուրս գալիս կոալիցիայից որոշակի պատճառներով։ Ձեր կարծիքով՝ այս անգամ ի՞նչ կարող է լինել, որպեսզի Դաշնակցությունը կրկին դուրս գա կոալիցիայից և անցնի ընդդիմադիր դաշտ։
– Կարծում եմ՝ դա կարող է լինել ազգայնական հարցերի հետ կապված ինչ-որ լուրջ տարաձայնություններ, այնպես որ, Հայաստանի Դաշնակցությունը սփյուռքից լուրջ ճնշումների ենթարկվի և դուրս գա կոալիցիայից։ Այլապես, կարծում եմ, որ Հայաստանի Դաշնակցությունը երբեք չի հրաժարվի կառավարության մաս մնալուց։ Այսինքն՝ այն ժամանակ խնդիրը հայ-թուրքական արձանագրություններն էին, այժմ կարող են լինել հայ-թուրքական հարաբերությունները, Ղարաբաղյան հարցի հետ կապված խնդիրներ, և, եթե խնդիրը շատ կրիտիկական լինի, այնպես, որ նրանք ենթարկվեն սփյուռքի ճնշումներին, հնարավոր է նման տարբերակ։
– Հայտարարվեց, որ կոալիցիան 2 ուժերի համախոհությամբ է լինելու, տեղեկություններ կային, որ ՀՅԴ-ն փորձում էր ավելի շատ պորտֆելներ ձեռք բերել, բայց դա նրանց չհաջողվեց, ՀՅԴ պորտֆելները 3-ն են։ Ի՞նչ եք կարծում՝ դաշնակցականներն ի՞նչ հարցեր կարող են լուծել, ի՞նչ առավելություններ ունենալ, թե՞ պարզապես զուտ իշխանական բևեռին մոտ լինելը բավարար է։
– Կարծում եմ` բավարար է իշխանական կերակրատաշտին մոտ լինելը, որովհետև, եթե հաշվի առնենք, որ Հանրապետականն ունի բացարձակ մեծամասնություն Ազգային ժողովում, ապա դաշնակների վրա նման մեծ խնդիրներ չեն դրվում, նրանցից մեծ ակնկալիքներ չկան, նրանք պարզապես պետք է լինեն Հանրապետական կուսակցության մեքենայի 5-րդ անիվը: Այսինքն` նրանք պետք է բանակցեն Սերժ Սարգսյանի հետ լրացուցիչ պաշտոնների համար, բայց նրանք կարող են ոչինչ առավել չստանալ: Այն, ինչ կա, կրկնեմ, կոալիցիայի իմաստով դասական կոալիցիա չէ, որովհետև դասական իմաստով կոալիցիա դառնում են նրա համար, որ օգնեն կառավարություն կազմել, իսկ հիմա Հանրապետականը կարող է միայնակ էլ կառավարություն կազմել:
– Բայց այս կոալիցիան ՀՀԿ-ին օգնեց ապահովել 3/5-ն Ազգային ժողովում, և այլևս օրենքի որևէ նախագիծ անցկացնելու խնդիր չեն ունենա: Այս իրավիճակում ընդդիմությունն ի՞նչ կկարողանա անել Ազգային ժողովում:
– Նախ` պետք է հասկանանք՝ ով է այսօր ընդդիմություն, և երկրորդ` ընդդիմությունը կարող է անել այն, ինչ առաջ է արել, այսինքն` հանդես գալ հայտարարություններով, քաղաքական դեմարշներով: Ոչինչ ավելի: