ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը ստորագրվեց. Պաշտոնները դեռ չեն բաժանել

Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստորագրեցին համագործակցության կոալիցիոն հուշագիրը։ Արարողությունից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ճեպազրույցում հայտարարեց, որ հուշագրի կնքման համար հիմք են հանդիսացել նոր Սահմանադրությունը, նախորդ հուշագիրը, կուսակցությունների ծրագրերը, նաև ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները։ Ըստ նրա՝ կոալիցիայի հիմնական գործունեության ուղղություններն են լինելու մարդը, հասարակությունը և պետությունը։

«Մենք ունենք բազմաթիվ արժեհամակարգային ընդհանրություններ կոալիցիոն գործընկերների հետ, որոնց հիման վրա նաև խարսխվել է այն տեքստը, որ գալիք 5 տարիներին պայմանավորելու է ազգային կուսակցությունների համագործակցությունը։

Հիմնական ոլորտային ուղղություններից են լինելու հակակոռուպցիոն պայքարը, ազգ-բանակ հայեցակարգի ամբողջական ներդրումը, իրավական դաշտի բարեփոխումները գործող Սահմանադրության համատեքստում, և մարդու ազատությունների և իրավունքների հետ շաղկապված ինստիտուտների զարգացման խնդիրները»,- ասաց Ա.Աշոտյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքով՝ այս համագործակցությունն ընդգրկելու է մինչև նոր ԱԺ-ի ամբողջ ընթացքը՝ մինչև 2022 թ.։ Նրա խոսքով՝ համագործակցության հիմքում 3 հիմնական արժեքներ են դրված՝ ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը, տնտեսության կարգաբերումն ու զարգացումը և երկրում որակական ու արմատական փոփոխություններ անելու վճռականությունը։

«Ես կարծում եմ, որ աչք ունեցողները կտեսնեին նաև վերջին մեր համագործակցության համաձայնագրի 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքը համատեղ, բայց հիմա, ԱԺ ընտրություններից հետո, մենք մտնում ենք մի շրջափուլ, որտեղ 2 կուսակցությունները համատեղ ձգտելու են առավելագույնս մեր երկրում որակական փոփոխություններ կատարել բոլոր ոլորտներում։ Աստված առաջ»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Նա նշեց, որ այս հուշագրում պաշտոնների բաժանման մասին խոսք չկա՝ բացառությամբ, որ ՀՀ վարչապետի նշանակումը վերապահված է ՀՀԿ-ին, իսկ մնացածը՝ ըստ ժամանակացույցի։

Տեսանյութեր

Լրահոս