Միլիարդանոց հարկատուները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017 թվականի 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել շուրջ 175 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
2016 թվականին 1000 խոշոր հարկատուները վճարել էին 156.5 մլրդ դրամի հարկեր։ Խոշորները, այսպիսով, պետբյուջե վճարված հարկերն ավելացրել են 18.5 մլրդ դրամով կամ 10.5%-ով։ 2017 թվականին խոշոր հարկատուների վճարումների 54.2%-ը (94.8 մլրդ դրամ) անուղղակի հարկերն են՝ ԱԱՀ, ակցիզային հարկ։ Ուղղակի հարկերի ծավալը 57.8 մլրդ դրամ է, հաստատագրված վճարները՝ 21.9 մլրդ, այլ հարկերն ու տուրքերը՝ 407.8 մլրդ դրամ։
Մենք առանձնացրել ենք գերխոշոր ընկերություններին, որոնք այս տարվա առաջին եռամսյակում վճարել են 1 մլրդ դրամ և ավելի հարկեր։ Նման ընկերությունների թիվը 25 է։ Այս ընկերությունները միասին 2017 թվականի առաջին եռամսյակում վճարել են շուրջ 72 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Խոշոր հարկատուների ցանկի առաջատարը «Գազպրոմ-Արմենիան» է՝ 16.8 մլրդ դրամի հարկերով։ Ցանկի չեմպիոններից է «Գրանդ տոբակոն», որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ պետբյուջե վճարված հարկերն ավելացրել է ավելի քան 2.5 մլրդ դրամով կամ 87%-ով՝ հասցնելով հարկերը 5.5 մլրդ դրամի։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում կտրուկ աճել են ծխախոտի արտադրության և արտահանման ծավալները, և առաջին եռամսյակի հարկերի աճը վկայում է այն մասին, որ այդ միտումը պահպանվելու է նաև այս տարի։ Վարդանյանների ընտանիքին պատկանող ծխախոտագործական մյուս ընկերությունը՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», նույնպես խոշոր հարկատուների առաջին տասնյակում է՝ 2.3 մլրդ դրամի հարկերով։ «Գրանդ քենդին» նույնպես «միլիարդանոց» հարկատուների ցանկում է. ընկերությունը վճարել է 1.2 մլրդ դրամի հարկեր և զբաղեցրել ցանկի 19-րդ հորիզոնականը։
Վերադառնանք ցանկի առաջատարներին։ Հանրապետության երբեմնի խոշորագույն հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը նախորդ տարի նահանջել էր ցանկում, այս տարի մասամբ վերականգնել է դիրքերը և հանգրվանել խոշոր հարկատուների ցանկի 3-րդ հորիզոնականում՝ 4.7 մլրդ դրամի հարկերով։ Ընկերությունը հարկերն ավելացրել է 2,3 անգամ կամ 2.7 մլրդ դրամով։ Հանքարդյունաբերական ընկերություններից հարկերի տպավորիչ աճ է գրանցել նաև Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Ընկերությունը վճարել է 3 մլրդ դրամից ավելի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա 569 մլն դրամի դիմաց, և զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 7-րդ հորիզոնականը։
«Թեղուտը» կիսով չափ է ավելացրել հարկերը՝ հասցնելով 2.1 մլրդ դրամի (12-րդ տեղ)։ Միլիարդից ավելի հարկեր վճարած ընկերություններից նվազում գրանցվել է միայն «Գեոպրոմայնինգ գոլդի» մոտ. այն վճարել է 1 մլրդ 785 մլն դրամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակից 4,5%-ով պակաս, և զբաղեցրել ցանկի 15-րդ տեղը։
Ինչպես և գրել էինք նախկին հրապարակումներից մեկում, առաջին հնգյակում՝ 4-րդ տեղում հայտնվել է նախորդ տարի գրանցված «Ալեքս Հոլդինգը», իսկ «Ալեքս Գրիգը» նահանջել է ստորին հորիզոնականներ։ 2 ընկերություններն էլ պատկանում են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։
Պարզապես նրա բիզնեսները (առաջին հերթին՝ Yerevan City սուպերմարկետների ցանցը) այժմ հանդես է գալիս «Ալեքս Հոլդինգ» ընկերության ներքո, որն այս տարվա առաջին 3 ամիսների վճարել է մոտ 5,5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Խոշոր հարկատուների ցանկի 5-րդ հորիզոնականում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն է՝ 4.1 մլրդ դրամի հարկերով։
ՀԷՑ-ի վճարած հարկերի չափը գրեթե փոփոխություն չի կրել։
Բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող CPS ընկերությունը հարկերն ավելացրել է 50%-ով և հասցրել մոտ 3.5 մլրդ դրամի։ Հայկական ատոմային էլեկտրակայանն այս տարվա առաջին եռամսյակում 14.8 %-ով նվազեցրել է հարկերն ու 2.57 մլրդ դրամով զբաղեցրել 8-րդ տեղը։
Ցանկի 9-րդ տեղում ծխախոտի ներկրմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիսն» է՝ 2.35 մլրդ դրամով։ Ինչպես տեսնում եք, այս անգամ խոշոր հարկատուների ցանկում տեղ չեն գտել բջջային կապի օպերատորները։
Մասնավորապես, «ԱրմենՏել» ընկերությունն անցած տարվա առաջին եռամսյակում վճարել էր ավելի քան 3,4 մլրդ դրամի հարկեր և ցանկի 5-րդ տեղում էր։ Այս տարի վճարել է 2,2 մլրդ դրամ և նահանջել 11-րդ հորիզոնական։
«Ղ-Տելեկոմը» նույնպես նահանջել է. ընկերությունն այս տարի պետբյուջե է վճարել 1.83 մլրդ դրամի հարկեր՝ 2.5%-ով քիչ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընդհանրապես, հեռահաղորդակցության և, մասնավորապես, բջջային կապի հասույթը վերջին շրջանում կայուն անկում է ապրում՝ հիմնականում ինտերնետի միջոցով աշխատող ծրագրերի (Viber, Whatsapp և այլն) տարածման հետևանքով։
Այս օրինաչափությունից դուրս է մնացել «Յուքոմը», որը կրկնապատկել է հարկերը և հասցրել մոտ 1.2 մլրդ դրամի։ Մնացած ընկերությունների վճարած հարկերը 2017 թվականի առաջին եռամսյակում ու դրանց փոփոխությունը 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ մանրամասն ներկայացված են աղյուսակում։