
ԵՄ պատվիրակության աշխատակից Մարինե Պապյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի կալանավորումը ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մարինե Պապյանի փաստաբան Հունան Բաբայանը:
«Առաջին ատյանի դատարանը կալանավորման որոշումը ընտրելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ Պապյանի խնամքին են գտնվում իր 8 ամյա երեխան և զառամյալ հիվանդ մայրը»,- նշեց Բաբայանը:
Մարինե Պապյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հերքում է մեղսագրվող արարքին իր առնչությունը:
Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակություն):
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝ Հ.Գյոնջյանի, Գ.Չիլինգարյանի և Գ.Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: