Ծառուկյանը ջենտլմենական խոսքի տերն է եղել. ձայն չեն բերել` մանդատ չպետք է ստանային. armtimes.com

armtimes.com-ը գրում է. Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է իշխանական կայքերից մեկի հարցերին եւ մեծապես լույս սփռել երեկ «Ծառուկյան» դաշինքի հետ կատարված սկանդալային իրադարձությունների վրա:

Տոնոյանը բացարձակ սուտ է անվանել ինքնաբացարկի դիմում ներկայացրած թեկնածուների այն հայտարարությունները, թե իրենք չեն գրել այդ դիմումները եւ իրենց հետ նույնիսկ չեն համաձայնեցվել նման դիմումներ ԿԸՀ տանելը:

Ըստ Տոնոյանի, իրավապահներն անգամ կարող են սուտ մատնության մեղեդրանք ներկայացնել այդ անձանց, եւ մեկ ձեռագրաբանական ուսումնասիրությունն էլ բավարար կլինի դա ապացուցելու համար: «Նրանք բոլորն են գրել ու ստորագրել այդ դիմումները, և այդ գործընթացը այնպես չէ, որ տեղի է ունեցել գաղտագողի կամ ծածուկ, մարդիկ են ներկա եղել և, կարծում եմ, պրիմիտիվ սուտ է կամ սեփական գործողություններն արդարացնելու ինչ-որ փորձ, ոչ ավելին»,-ասել է Տոնոյանը:

Իսկ այդ գործողությունները, ըստ Տոնոյանի, «քաղաքական պայմանավորվածությունների խախտում են»:

Խոսքը այն աղմուկի մասին է, որ դաշինի 12 թեկնածուներ բարձրացրին ինքնաբացարկի դիմումների հետ կապված եւ ԿԸՀ-ին նոր դիմումներ ներկայացրին, որով հայտնում էին, որ որ ցանկանում են մանդատը ստանալ:

Հարցին, թե ինչպես է լինելու խորհրդարանում մանդատ ստացած 8 հոգու հետո համագործակցությունը, Տոնոյանը պատասխանել է. «Դրա մասին պետք է մտահոգվեն այն մարդիկ, ովքեր, ոտնահարելով թե´ քաղաքական պայմանավորվածությունները, թե´ մարդկային բոլոր հարաբերությունները՝ նման որոշում են կայացրել եւ նման քայլի են գնացել»:

Իսկ հարցին, թե ինչպիսին է Ծառուկյանի գնահատականը այս աղմուկի վերաբերյալ, խոսնակը պատասխանել է. «Բայց պարոն Ծառուկյանի ու բոլոր թեկնածուների միջեւ եղել է քաղաքական պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել նախընտրական շրջանում, կոնկրետ, թե թեկնածուներից յուրաքանչյուրը դաշինքի համար ընտրողների ինչ քանակի վստահության քվե է ակնկալում ու պատրաստ է ձեռք բերել այդ վստահության քվեն, և ընտրությունների արդյունքները վկայեցին այն մասին, որ թեկնածուների կողմից բարձրաձայնված քանակի անգամ կեսն էլ նրանք չեն կարողացել ապահովել, այնպես որ՝ այս բոլոր իրադարձությունները այդ պայմանավորվածության խախտման հետևանք ու արդյունք են»։

Տոնոյանի պատասխաններից բխում է, որ ընտրություններից առաջ Գագիկ Ծառուկյանը թեկնածուներից յուրաքանչյուրի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որի հիմքում դրվել են նրանց հավաքած ձայները: Այսինքն, յուրաքանչյուրի համար ձայներ բերելու որոշակի շեմ է սահմանվել:

Նապոլեոն Ազիզյանն այսօր հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն ինքն է իրեն ֆինանսական միջոցներ տվել եւ ասել՝ գնա, մասնակցիր ընտրություններին:

Ստացվում է՝ Ծառուկյանը ֆինանսավորել է սույն թեկնածուներին, նրանք ստանձնել են X թվով ձայներ ստանալու պարտավորություն: Եվ այս մարդիկ մանդատ պետք է ստանային այս երկու գործոնների հաջող համադրության արդյունքում:

Բայց, ինչպես Տոնոյանն է արձանագրում, «ընտրությունների արդյունքները վկայեցին, որ թեկնածուների կողմից բարձրաձայնված քանակի անգամ կեսն էլ նրանք չեն կարողացել ապահովել»: Այսինքն, Ծառուկյանը կատարել է իր ստանձնած պարտավորությունը՝ ընդգրկել է նրանց ցուցակում, ֆինանսավորել է, իսկ նրանք տապալել են իրենց ստանձնած պարտավորությունը եւ քիչ ձայն են ստացել:

Հայտնի չէ, թե ով որքան քվե է «ստանձնել», սակայն ընտրությունների պաշտոնական արդյունքներով Արարատ Զուրաբյանն, օրինակ, ստացել է 1870 քվե, Սերգեյ Բագրատյանը՝ 4033, Նապոլեոն Ազիզյանը՝ 4348, Խաչիկ Մանուկյանը՝ 5675:

Եթե մի կողմ թողնենք ինքնաբացարկի դիմումները նախապես գրելու կամ դատարկ թղթերի տակ ստորագրելու արատավոր պրակտիկան, այս պայմանավորվածությունը միանգամայն տրամաբանական է եւ քաղաքական:

Մի փոքր ավելի բարձր քաղաքական կուլտուրայի դեպքում նույնիսկ նախապես թղթեր ստորագրելու կարիք չէր լինի, բավարար էր միայն խոսքը՝ այսինքն քաղաքական համաձայնությունը: Հայաստանում, իհարկե, ամեն ինչ այլ է, եւ ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, ոչ միայն խոսքը, այլեւ ստորագրությունը երաշխիք չէ. կարելի է հեշտությամբ հրաժարվել դրանից:

Տոնոյանի գաղտնազերծած տեղեկատվությունը էլ ավելի է ամրապնդում այն վարկածը, որ Ծառուկյանի դեմ դուրս եկած անձինք կազմակերպված են գործել եւ ուղղորդվել են:

Հակառակ դեպքում՝ ի՞նչը կարող էր նրանց ստիպել դրժել քաղաքական եւ ջենտլմենական պայմանավորվածությունները: Միայն մանդատ ստանալու ցանկությունը, որքան էլ այն անսահման լինի, չէր կարող հանգեցնել նման որոշման: Կամ կարող էր, բայց մեկ-երկու հոգու դեպքում, ոչ՝ 12-ի: Ի վերջո, այդ մարդիկ շարունակելու են ապրել եւ գործել Հայաստանում, Գագիկ Ծառուկյանի հետ առնչվել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս