Սատանայական թուղթն ու «Ծառուկյան» դաշինքի պառակտումը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գրանցեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավորների մանդատ ստացած թեկնածուներին: Հանձնաժողովի նիստում որոշվեց բավարարել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների ինքնաբացարկի դիմումները։

ԿԸՀ այս նիստն առանձնացավ, թերևս, նրանով, որ «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմում ներկայացրած 23 թեկնածուներից

12-ը նոր դիմումներ էին ներկայացրել՝ պահանջելով չեղարկել հրաժարումի՝ իրենց չգրած դիմումն ու իրենց տալ մանդատները։ Գագիկ Ծառուկյանի միանձնյա որոշման դեմ էին գնացել ՔԿՀ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը՝ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդին, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, նախկին պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը, Ալիկ Եղիկյանը, «Առաքելություն» կուսակցությունից՝ Մանուկ Սուքիասյանը, և ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանը: Այս թեկնածուները՝ կա՛մ անձամբ, կա՛մ ներկայացուցիչների միջոցով ԿԸՀ նիստում հաստատեցին ու պնդեցին, որ պատգամավորական մանդատից չեն հրաժարվում։

Լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզից տարածքային ցուցակով առաջադրված Մուշեղ Սաղաթելյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու դիմում չի գրել։ Հարցին, թե՝ ո՞վ է գրել այդ՝ ԿԸՀ ներկայացված դիմումը, Սաղաթելյանը պատասխանեց. «Թուլատը։ Չեմ հրաժարվում մանդատից, ո՞նց ասեմ՝ հրաժարվում եմ։ Խարդախություն է տեղի ունենում»: Սաղաթելյանը խոստացավ խարդախի անունը բացահայտել ավելի ուշ։

«Բոլոր կուսակցություններն ունեն սատանայական թուղթ»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ ակնարկելով, որ նախքան ընտրությունները բոլորն էլ ստորագրել են ինքնաբացարկի դիմումներ։ Միաժամանակ՝ նա նշեց, որ թեկնածու գրանցվելու ժամանակ բազմաթիվ թղթեր է ստորագրել, այդտեղ նաև նոտար է ներկա եղել։ Սաղաթելյանի խոսքով՝ ԿԸՀ ներկայացրած ինքնաբացարկների գործից հանցագործության «հոտ» է գալիս։

Նախորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր, այժմ՝ «Ծառուկյան» դաշինքից թեկնածու Հրանտ Դավթյանը հայտարարեց, որ ինքը ստորագրել է ինքնաբացարկի դիմումը, սակայն այժմ մտափոխվել է և ցանկանում է վերցնել մանդատը։ Նա վստահեցրեց, որ իր հանդեպ ճնշումներ չեն եղել, և դա իր ցանկությունն է եղել. «Պայմանավորվածություն չի եղել ինքնաբացարկ ներկայացնելու: Ես եմ տենց որոշել: Չի՞ կարա մարդը մտափոխվի»։

Նապոլեոն Ազիզյանը ԿԸՀ չէր եկել։ Նրա ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Նապոլեոն Ազիզյանը մանդատից հրաժարվելու դիմում չի գրել։ Նրա խոսքով՝ ընտրության հաջորդ օրվանից անձամբ տնից դուրս չի եկել. «Մենք ոնց հասկացանք՝ այս կատարվածը համատարած է։ Սա հանցագործություն է միանշանակ»։

Դաշինքի թեկնածուներից Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու դիմումի տակ ինքը չի ստորագրել, ուստի վիրավորված է նման անհարգալից վերաբերմունքից և պետք է պաշտպանի իր ընտրողների քվեները։ «Ծառուկյան» դաշինքում ստեղծված այս իրավիճակը Սերգեյ Բագրատյանը բնորոշեց՝ որպես պառակտում, և հայտարարեց, որ մեղավորները պետք է պատժվեն։ Բագրատյանը վստահեցրեց, որ, եթե օրինականությունը հաղթանակի, ապա ինքն անպայման խորհրդարան կգնա, սակայն դեռևս հստակ չի որոշել՝ օրենսդիրում կլինի՞ Ծառուկյանի խմբակցության անդամ, թե՞ ոչ:

Արարատ Զուրաբյանը խոստացավ այսօր ասուլիսում բացահայտել իրականությունը և պատասխանել բոլոր հարցերին։

Ի դեպ, այս թեկնածուներից ոչ մեկը Գագիկ Ծառուկյանի հետ չէր խոսել ԿԸՀ-ում հայտնված իրենց ինքնաբացարկի դիմումների մասին։ Նրանցից ոմանք անկեղծացան, որ փորձել են կապ հաստատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի հետ, սակայն՝ ապարդյուն։

«Ծառուկյան» դաշինքի «նշանակալի դեմքերն» անհասանելի էին նաև լրագրողների համար։ Նրանք պարզապես անջատում էին հեռախոսները։

Ի վերջո, ինքնաբացարկի դիմում ներկայացրած (ավելի ճիշտ՝ նրանց փոխարեն ԿԸՀ ներկայացված), այնուհետև դրանից հրաժարված 12 թեկնածուներից 4-ը մանդատ չստացան։ ԿԸՀ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներին հայտարարեց, որ նրանց ինքնաբացարկը չեղարկվել է, սակայն մանդատ չեն ստանում, քանի որ ուղղակի իրենց հերթը չի հասնում։ Համապետական ցուցակով մանդատ ստացան Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը և Արթուր Մանուկյանը, տարածքային ցուցակով՝ Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը։

Տիգրան Մուկուչյանը հրապարակեց նաև նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրն ու ժամը՝ մայիսի 18, ժամը 10:00:

«168 Ժամ» թերթ

Տեսանյութեր

Լրահոս