Բաժիններ՝

Հայաստանում հունիս ամսին կստեղծվի աշխարհի ամենաերկար զիփլայնը

Այսօր «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագիծը մեկնարկեց Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքը:

Նշենք, որ աշխարհի ամենաերկար զիփլայնը նախատեսվում է կառուցել ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում, որը կունենա 2680 մետր երկարություն և 200-300 մետր բարձրություն: Զիփլայնի թռիչքը տևելու է 3 րոպե: Նկատենք նաև, որ այսօր փաստացի ամենաերկար զիփլյանը գտնվում է Մեքսիկայում՝ 2545 մետր երկարությամբ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը նշեց, որ այս նախաձեռնությունն իրենց նախագծի 5-ամյա զարգացման պրոցեսի մասն է կազմում. «Այս տարի մենք հույս ունենք, որ մինչև հունիսի վերջ, հուլիսի սկիզբ, կկարողանանք կառուցել զիփլյանը, ու արդեն օգոստոս-սեպտեմբերին կներկայացնենք մեր նոր պրոյեկտները: Մենք արդեն ունենք զիփլայնի 5 գիծ: Հրավիրում ենք բոլոր էքստրիմի սիրահար այն երիտասարդ գործարարներին, որոնք ցանկանում ենք իրենց նոր բիզնեսը սկսել էքստրեմալ սպորտաձևերի մեջ, միանալ մեր պրոյեկտին: Մենք շատ բաց ենք և մեծ սիրով հրավիրում ենք բոլորին՝ միանալ մեզ»:

Տ. Չիբուխչյանի խոսքով՝ ընդհանուր նախագիծն իրենից ներկայացնում է մոտավորապես 200 հազար դոլար, բայց դրամահավաքի շրջանակներում իրենք փորձում են հավաքել 20 հազար դոլար. «Մենք ավելի շատ հույս ունենք մեր Ամերիկայում ապրող հայության վրա, բայց շատ ենք ուզում, որ տեղացի հայերով էլ կարողանանք համախմբվել ու իրար հետ մի նախագիծ անենք, որտեղ ամեն մեկը կունենա իր թեթև լուման: Այս դրամահավաքի հիմնական նպատակը համախմբելն է: 30 օրում փորձելու ենք հավաքել այդ 20 հազարը, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք անգամ 50 հազար հավաքել: Մնացած 180 հազարի մի մասը մենք արդեն հավաքել ենք»:

Կարդացեք նաև

Նա ասաց, որ, եթե գումարը չհավաքվի էլ, իրենք, մեկ է, այս նախագիծն իրականացնելու են. «Այդ դրամահավաքն արվում է հիմնականում մարքետինգի համար, որ մենք կարողանանք մեր մասին ինֆորմացիա հասցնել բոլորին»:

Ասուլիսին ներկա ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն էլ ողջունեց այս նախաձեռնությունը՝ ասելով. «Մենք բազմիցս խոսել ենք զբոսաշրջության մեջ այդ «առաջարկ-պահանջարկի» ճիշտ հարաբերակցության մասին՝ ասելով, որ մենք՝ որպես Զբոսաշրջության կոմիտե, մեր կողմից՝ անում ենք լավագույն ջանքերը՝ երկրի նկատմամբ պահանջարկը ստեղծելու համար: Ես ուզում եմ ասել, որ Տիգրանը և իր ընտանիքը հենց Ենոքավանից են և երկար ժամանակ արտասահմանում ապրելուց հետո՝ վերադարձել են և հենց իրենց հայրենի գյուղն են զարգացրել, այն, ինչի մասին շատ հաճախ նշում է նաև մեր վարչապետ Կարեն Կարապետյանը»:

Զ. Զեյթունցյանը նշեց, որ արկածային զբոսաշրջությունը ոչ միայն չի բացառում պատմամամշակությաին ժառանգության հետ ծանոթանալը, այլև ներառում է դա իր մեջ. «Դա հսկայական մի ինդուստրիա է՝ 263 միլիարդ դոլարի: Կարող են հասկանալ, թե Հայաստանը, ունենալով բնության այսպիսի հարստություններ և հատկապես՝ պահպանվող տարածքներ, ինչպիսի լուրջ պոտենցիալ ունի այս ամենի համար»:

168.am-հարցին, թե՝ այդ ծառայություններն ինչքանո՞վ են մատչելի լինելու տեղի բնակչության համար, Տ. Չիբուխչյանն այսպես պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչու, մեր հայերի մեջ կան մտքեր, որ Հայաստանում զբոսաշրջությունը պետք է էժան լինի: Այսպես ասեմ, 60 դոլարով հյուրանոց պահելն անիմաստ է, աշխատողներն ուզում են ստանալ բարձր աշխատավարձ: Մենք «Յելլ»-ում կարողացել են հասնել նրան, որ միջին աշխատավարձը լինի 200 հազար դրամ, բայց ես գտնում եմ՝ մեր աշխատողները կարող են ստանալ մինչև 2 միլիոն աշխատավարձ, որ մեր աշխատողներն էլ ոչ թե գոյատևեն, այլ ապրեն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս