Ի՞նչ կապ ունի Արմեն Ներսիսյանը Գագիկ Ծառուկյանի հետ
Փոքր ու միջին բիզնեսի կազմակերպիչ Արմեն Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ՓՄՁ ոլորտում եղած խնդիրների, կառավարության դիմաց իրենց ունեցած ակցիաների մասին՝ չէր մոռանում հիշատակել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունը՝ որպես իրենց մշտապես աջակցողի։
«Ո՞նց է լինում, որ պարոն Ծառուկյանի նման մարդիկ 3 տարով մեզ ազատեցին այդ վարձակալությունից, անընդհատ գալիս է՝ ժողովրդի հետ շփվում, ժողովրդի հոգսն իմանում է, հարկ եղած ժամանակ էլ մեզ օգնում է ամեն հարցում՝ թե՛ ֆինանսական, թե՛ հոգևոր»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց 3 տարվա մեջ 11 մլն 8 հազար դրամի օգուտ է տվել։
«Ես 3 տարվա մեջ իմ վարկերից էլ եմ ազատվել, հարկերից էլ… ուզում էինք ամենաբարձր մակարդակով ազատվել»,- նշեց նա։
168.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի Ա. Ներսիսյանը Գագիկ Ծառուկյանի հետ։
«Ես մինչև այս տարվա մարտ ամիսը Առինջ մոլի փոխտնօրենն էի, բայց առողջական խնդիրների պատճառով ես Առինջ մոլից դուրս եմ եկել, զբաղվում եմ իմ փոքր բիզնեսով։ Ես պետք է անընդհատ գնամ Մոսկվա՝ գամ, իմ բուժման հարցերով, 2 անգամ իմ գլուխը վիրահատել են, ուռուցք են հեռացրել։ Ծառուկյանի հետ ես մինչև հիմա էլ բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ, բայց չեմ աշխատում էդ մարդու մոտ։ Այս ամենը քաղաքականացնել չի կարելի»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում