ՀՀ ֆինանսական համակարգի ակտիվների 88.4%-ը բաժին է ընկնում բանկերին
2016 թվականին ՀՀ ֆինանսական համակարգում արձանագրվել են կայուն զարգացման միտումներ` ապահովվել է հիմնական հաշվեկշռային ցուցանիշների զգալի աճ: Ֆինանսական համակարգի ակտիվների ու ՀՆԱ-ի հարաբերակցության և տնտեսությանը տրամադրված վարկերի ու ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշները նախորդ տարվա համեմատ ավելացել են համապատասխանաբար 12.3 և 6.6 տոկոսային կետով` կազմելով 89.1% և 50.0%: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի տարեկան հաշվետվության մեջ։
Ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 88.4%-ը (տես գլխավոր նկարը):
2016 թ. բանկային համակարգի ակտիվներն ավելացել են 15.6%-ով, ընդհանուր կապիտալը՝ 27.1%-ով, իսկ պարտավորությունները՝ 13.5%-ով` տարեվերջին կազմելով, համապատասխանաբար, 3 տրլն 994.5 մլրդ դրամ, 653.6 մլրդ դրամ և 3 տրլն 341.0 մլրդ դրամ:
Տնտեսությանը տրամադրված վարկերն ավելացել են 15.4%-ով և տարեվերջին կազմել 2 տրլն 319.5 մլրդ դրամ:
ՀՀ ԿԲ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների համաձայն` բանկային համակարգն աշխատել է շահույթով. ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 0.9% և 5.7%: