Վենետիկը սահմանափակում է քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը
Վենետիկի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել հատուկ սարքեր տեղադրել մեծաթիվ զբոսաշրջիկներին հաշվելու համար, որոնք ամեն օր ժամանում են քաղաք, որը Վենետիկյան ծովալճակի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
Համապատասխան որոշումն ապրիլի 27-ի երեկոյան ընդունել է Վենետիկի ջունտան (վարչական գործադիր մարմինը): Եթե տվյալ որոշումը հավանության արժանանա Իտալիայի կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ապա արդեն մոտ ժամանակներս մի շարք ռազմավարական կետերում, որոնցով քաղաք են մտնում զբոսաշրջիկները, կհայտնվեն ավտոմատ հաշվիչներ: Խոսքն այն մասին է, որ այդ կերպ ստացված տվյալների հիման վրա սահմանափակվի հին քաղաք ժամանողների թվաքանակը:
«Մենք կարողացանք մշակել մի ամբողջ շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են զբոսաշրջիկների հոսքերի կարգավորմանը»,-լրագրողներին ասել է Վենետիկի քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն:
Բացի այդ, նա խոստացել է միջազգային տեղեկատվական արշավ սկսել՝ նպատակ ունենալով բազմաթիվ զբոսաշրջիկներին պարզաբանել այն իրադրության առանձնահատկությունը, որը վերջին ժամանակներս ստեղծվել է քաղաքում, որն այլեւս չի դիմանում այցելուների հսկայական հոսքին:
Անցյալ տարվա մարտին Զատկի տոներին միաժամանակ Վենետիկ էր ժամանել 300 հազար մարդ, ինչը քաղաքի բնակչության թվականակից (270 հազարից պակաս) ավելի է:
Քաղաքային իշխանությունների ռազմավարության շրջանակներում, մասնավորապես, վաղօրոք կհրապարակվեն կոնկրետ այն ամսաթվերը, երբ քաղաքում առավելագույն թվով եկվորներ են սպասվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: