Ռոման Պոլանսկու նոր ֆիլմը Կաննում ցուցադրվելու է մրցույթից դուրս
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Հիմնված է իրական դեպքների վրա» նոր ֆիլմը ցուցադրվելու է Կաննի 70-րդ կինոփառատոնի մրցույթից դուրս: Կինոֆորումի կազմակերպիչների այդ որոշման մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փառատոնի կազմկոմիտեի
մամուլի քարտուղար Կրիստին Էմեն։
«Հիմնված է իրական դեպքերի վրա» կինոնկարը 34-րդ լիամետրաժ ֆիլմն է ռեժիսորի կարիերայում: Կինոնկարի հիմքում Դելֆինա դե Վիգանի գիրքն է, որը դարձել է 2015 թվականի գրական աշնան գլխավոր իրադարձություններից մեկը: Այն արժանացել է «Ռենոդո» հեղինակավոր
գրական մրցանակին: Ֆիլմում նկարահանվել են ռեժիսորի կինը՝ ֆրանսիական կինոյի աստղ Էմանուել Սենիեն, Եվա Գրինը եւ Վենսան Պերեսը: Ավելի վաղ հաղորդվել է, որ այս տարի Կաննի 70-րդ կինոփառատոնի, որը մայիսի 17-ից մինչեւ 28-ը տեղի կունենա Ֆրանսիայի Լազուրե ափին, ժյուրիի նախագահ կդառնա իսպանացի հայտնի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Հիմնական մրցութային ծրագրում դափնեկիրների ցուցակը կհրապարակվի մայիսի 28-ին կայանալիք փակման արարողության ժամանակ, որից հետո տեղի կունենա այն ֆիլմի ցուցադրությունը, որը կստանա «Ոսկե արմավենու» ճյուղը:
Կաննի ներկայիս կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր եւ սցենարիստ Անիես Ժաուին, հարավկորեացի կինոռեժիսոր Պակ Չհան Ուկը, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել
Յարեդը, ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը եւ իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն:
Կաննի կինոփառատոնը Ֆրանսիայի կրթության եւ արվեստի գործերի նախարար Ժան Զեի նախաձեռնությամբ հիմնվել է 1930-ական թվականների վերջին որպես Վենետիկի կինոփառատոնի այլընտրանք: 1952 թվականից միջոցառումն ամեն տարվա մայիսին անցկացվում է Փառատոնների եւ կոնգրեսների պալատում: Այս տարի Կաննի փառատոնը կկայանա 70-րդ անգամ:
Փառատոնի հանձնախումբը հիմնական մրցույթի համար 19 աշխատանք է ընտրել գրեթե 2 հազար լիամետրաժ ֆիլմերից: Դրանցից պաշտոնական ծրագրում ներառվել է 49 կինոնկար: