«Ամեն շաբաթ Հայաստանի և Արցախի սահմանին գտնվող որևէ գյուղ լեդաֆիկացվում է». Հայկ Հարությունյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց էներգետիկ ոլորտում ՀՀ կառավարության ծրագրի կատարման վերջին վեց ամսվա աշխատանքները։

Էներգախնայողության ոլորտի վերաբերյալ նա նշեց, որ 2016 թվականի դեկտեմբերին հաստատվեց 2016-2018թթ. էներգախնայողության ազգային ծրագրի երկրորդ փուլը, որով, ըստ նրա՝ նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ նախանշված գրեթե բոլոր գերատեսչությունների համար, որպեսզի 2020 թվականին՝ 2010 թվականի համեմատ, ունենանք առաջնային էներգիայի սպառման 38.6% խնայողություն. «Առաջնային էներգիա ասելով՝ նկատի ունեմ և՛ էլեկտրաէներգիա, և՛ գազ, և՛ դիզելային վառելիք, և՛ փայտ»։

Նրա խոսքով՝ կարգավորվել է շենքերի էլեկտրաարդյունավետության ոլորտը. «Սահմանվել են մի շարք չափանիշեր, որոնք նպատակ ունեն բարձրացնելու էլեկտրաարդյունավետությունը շինարարության ոլորտում»։ Հարությունյանի խոսքով՝ ամեն տարի հրապարակվելու է երկրի էներգետիկ հաշվեկշիռը, որն, ըստ նրա՝ թույլ կտա հասկանալ, թե ինչ ենք սպառում, որտեղ խնայողության ռեսուրս կամ հավելյալ աշխատանքի կարիք ունենք։

«Վերականգնվող էներգետիկայի ոլորտի ուղղությամբ այսօր մրցույթ է հայտարարվել 55 մեգավատտ արևային կայանի կառուցման համար Մասրիքում։ Մրցույթը միջազգային է, ներդրողների հանդեպ դրված են հստակ ցուցանիշներ։ Բավականին երկար և ծավալուն մրցույթ է լինելու, և առաջին անգամ ենք այս կարգով սակագին սահմանելու էներգետիկ համակարգում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սպասվող սակագինը կլինի աշխարհի մակարդակով ռեկորդային։

Նրա խոսքով՝ ֆոտովոլտային հոսանքի արտադրության ոլորտը սկսում է զարգանալ։ «Այս ոլորտը հիմա որակապես լրիվ այլ մակարդակի վրա է, քան մեկ տարի առաջ։ Արևային ջրատաքացուցիչների ոլորտում ունենք 2000-ից ավելի տեղադրում, և կարելի է ասել, որ այս պրոդուկտը դառնում է մասսայական։ Այս տարվա մարտին ունեցանք առաջին արևային գյուղը՝ Լեռնամերձը (գտնվում է Արմավիրի մարզում.- Ռ.Մ.)։ Ամբողջովին գյուղի կենցաղային ջրի կարիքները հոգում են արևային ջրատաքացուցիչներով, մոտ 80 տան տանիքի տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, 25-ի վրա՝ արևային ֆոտովոլտային համակարգեր, ու միաժամանակ բաժանվել են LED լամպեր։ Այսինքն՝ այդ գյուղը ոչ միայն արևային է, այլ նաև էներգախնայող։ Ներդրումը կազմել է մոտ 40 մլն դրամ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ գյուղը գազիֆիկացնելու համար ավելի մեծ գումար էր ծախսվելու, դրա համար որոշվել է արևային էներգիայի համակարգը ներդնել։

Հայկ Հարությունյանը նաև ասաց, որ «Լուսավոր սահման» ծրագրի շրջանակներում ամեն շաբաթ Հայաստանի և Արցախի սահմանին գտնվող որևէ գյուղ լեդաֆիկացվում է։

Տեսանյութեր

Լրահոս