Բաժիններ՝

Փոլադ Բյուլբյուլօղլին հայտնվել է խայտառակ իրավիճակում

ՅՈՒՆԵՍԿՕ­-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանը ներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլին ապրիլի 27­-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում է հայտնվել:

Նիստի նախագահը զգուշացրել է Բյուլբյուլօղլիին, որ նախագահի թեկնածուները պարտադիր կերպով պետք է խոսեն անգլերեն կամ ֆրանսերեն: Դեսպանը գրավոր պատրաստած մի քանի նախադասություն կարդալուց հետո, սակայն, ներողություն է խնդրել և անցել է ռուսերենին:

«Ինքս գոհ չեմ իմ անգլերենի մակարդակից, սակայն կարևորը դա չէ, կարևորը այն է, թե ինչ կա մարդու գլխում»,­-ճնշել է նա:

Բյուլբյուլօղլին չի կարողացել նաև հավուր պատշաճի պատասխանել նիստի ներկաների հարցերին` շարունակ շեշտադրելով միայն այն փաստը, իբր պատրաստվում է մեծ գումարներ բերել ՅՈՒՆԵՍԿՕ­-ին տարբեր ծրագրերի իրականացման համար:

Ուշագրավ է, որ համաշխարհային ժառանգության պահպանությամբ զբաղվող ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՅՈՒՆԵՍԿՕ­-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում է մի մարդ, ում մշակույթի նախարար լինելու օրոք Ադրբեջանում վայրենաբար ոչնչացվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի հայկական միջնադարյան խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-­ի կողմից ճանաչվել էին Համաշխարհային ժառանգություն:

Այս հանցանքի կատարման ամբողջ ընթացքում Բյուլբյուլօղլին բառ անգամ չի արտասանել կատարվածը դատապարտելու կամ այն կանխելու նպատակով:

Բացի այդ, արդեն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում նա բազմիցս կիրառել է ռազմական հռետորաբանություն` պատրաստակամություն հայտնելով զենք վերցնել ու կռվել հայերի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս