Ուշագրավ հանգամանք Մոսկվայի եռակողմ հանդիպումից առաջ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Մոսկվայում տեղի կունենա Լավրով, Նալբանդյան, Մամեդյարով եռակողմ հանդիպումը, որի ընթացքում ըստ նախնական հաղորդագրության, պետք է քննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Թե հատկապես ինչ հարցերի մասին է խոսքը, պարզ չէ, մանրամասներ չկան: Եթե Մոսկվայում տեղի է ունենում ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հանդիպում, դա արդեն իսկ մտահոգիչ է և անհանգստացնող, ելնելով համենայնդեպս նախորդ փորձերից:
Մյուս կողմից սակայն ակնհայտ է, որ ներկայումս ըստ էության որևէ իրական հնարավորություն չկա տեղից շարժել ստատուս-քվոն, անկախ որևէ կողմի ցանկության կամ նպատակների, անկախ դրա հանդեպ այս կամ այն վերաբերմունքի: Եվ այս իմաստով, իհարկե, շատ դժվար է պատկերացնել, թե առարկայական ինչ կարող են քննարկել երեք նախարարները Մոսկվայում:
Չի բացառվում, որ խոսքն ընդամենը դիրքային որոշակի պայքարի մասին է՝ դիվանագիտական դիրքերի, որ համանախագահների մակարդակում փորձում է նախաձեռնել Մոսկվան, իսկ հակամարտող կողմերն էլ փորձում են այդ շրջանակում վարել միմյանց դեմ: Մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ, փետրվարին, տեղի էր ունեցել արտգործնախարարների մակարդակի հանդիպում՝ Մյունխենում, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հովանու ներքո: Դրանից առաջ Բաքուն հայտարարել էր եռակողմ մոսկովյան հանդիպման Ռուսաստանի մտադրության և դրան իր հավանության մասին, սակայն Երևանը կարծեք թե չընդունեց առաջարկը, հայտարարելով, որ իրեն հայտնի չէ ոչինչ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: