Ադրբեջանը կորցնելու է նոր տարածքներ. Հանգուցային պահ Մոսկվայում. lragir.am

Ադրբեջանն ի վերջո հասավ իր նպատակին՝ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ադրբեջանը երկու անգամ այդ մասին հայտարարեց հունվարից ի վեր, Հայաստանը երկու անգամ էլ մերժեց:

ՀՀ խորհրդարանի ընտրությունից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե կսպասեն ընտրության ավարտին, որից հետո Հայաստանը ստիպված է վերադառնալ բանակցություններին: Հայաստանը բանակցությունը շարունակելու համար երկու հիմնական նախապայման է առաջ քաշել՝ հետաքննության մեխանիզմի ներդրումը շփման գծում եւ Արցախի կարգավիճակը:

Ադրբեջանը հրաժարվել է Վիեննայի օրակարգից եւ փորձում է խնդիրը տեղափոխել եռակողմ ձեւաչափ: Դա բնական է, քանի որ Հայաստանն ապրիլյան պատերազմի արդյունքում գերադասելի դիրքում է հայտնվել, իսկ Ադրբեջանը՝ խորը փակուղում:

Այդ նպատակով, այս տարվա փետրվարին Ադրբեջանը փորձեց կրկնել ապրիլյան ագրեսիան, սակայն ծանր հարված ստացավ ու հայտնվեց էլ ավելի մեծ փակուղում:

Ակնհայտ է, որ այս պահին Ադրբեջանին բացառապես հետաքրքրում է մեկ հարց՝ Հայաստանին ստիպել հրաժարվել իր նախապայմաններից, եւ հատկապես՝ շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրումից: Այս հարցում արեւմտյան համանախագահները հաստատակամ են, իսկ Ռուսաստանը հստակ չի արտահայտվում: Ադրբեջանը հույս ունի Ռուսաստանի օգնությամբ Հայաստանին ստիպել հրաժարվել այդ նախապայմանից, այդ պատճառով էլ ձգտում է ամեն կերպ վերականգնել եռակողմ ձեւաչափը:

Դա թույլ կտա բանակցությունը շարունակել իր «պայմաններով» ու իրավունքով: Հայաստանի համար նախապայմաններից հրաժարվելը կործանարար հետեւանքներ է ունենալու: Ռուսաստանը նախորդ երկու դեպքերում առանձնապես հակված չէր Երեւանին եռակողմ հանդիպման «բերելու», սակայն այս անգամ իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Բանն այն է, որ Թրամփի «վերջնագրից» հետո Թուրքիան անցել է ամերիկյան «ճամբար», եւ ներկայում Ռուսաստանն Ադրբեջանին «պահելու» խնդիր է լուծում:

Այդ նպատակով Հայաստանին ի վերջո «համոզեցին» մասնակցել եռակողմ հանդիպմանը, իսկ հանդիպման նախօրեին Ադրբեջան հասավ ռուսական ժամանակակից զենքի նոր խմբաքանակ: Հայաստանը փաստորեն հերթական անգամ գործում է հանուն Ռուսաստանի:

Սակայն հանդիպման նախօրեին հայտարարվեց, որ հանդիպմանը միանալու են նաեւ համանախագահները: Ինչպես Սանկտ Պետերբուրգից հետո, համանախագահները կրկին մենակ չթողեցին Հայաստանին: Հայաստանը պետք է պահի իր նախապայմանները ցանկացած գնով, հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի են լինելու թե Հայաստանի, թե հենց իշխանության ու Սերժ Սարգսյանի համար:

Այն է՝ պետք է պնդի հետաքննության մեխանիզմի ներդրման պայմանավորվածությունը եւ հրաժարվի բանակցությունից, մինչեւ այդ մեխանիզմների ներդրումը չիրականացվի: Այդ դեպքում Ադրբեջանին ստիպելու են համաձայնվել, իսկ եթե Բաքուն շարունակի համառորեն հրաժարվել, տեղի է ունենալու այն, ինչը եթե կարճ ձեւակերպենք՝ կորցնելու է նոր տարածքներ, կամ ունենալու է այլ խոշոր կորուստներ, ի վերջո գալով «հայկական պայմաններով» խաղաղությանը: Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը ծանր գնով դուրս եկան նախորդ տարիների փակուղուց ու բանակցային գործընթացում առաջին անգամ հայտնվեցին ուժեղ դիրքերում: Բացառիկ պահ է, որը չի կարելի բաց թողնել:

Հայկազ Ղահրիյան
lragir.am

Տեսանյութեր

Լրահոս