Թրամփն իր վարչակազմին 100-օրվա գործունեության համար «գերազանց» է նշանակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իշխանության ղեկին լինելու առաջին 100-օրվա գործունեության համար իր վարչակազմին նշանակել է «գերազանց»: Այդ մասին ԱՄՆ նախագահն ասել է The Washington Examiner-ին տված հարցազրույցում: «Ես գերազանց եմ նշանակել»,- ասել է Թրամփը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի գնահատական կտա իր վարչակազմին 100-օրվա գործունեության համար:
«Այդ 100 օրվա ամբողջ թեման իսկապես արհեստական չափանիշ եմ համարում: Ես ներդրել եմ բոլոր ջանքերը` մեր նոր ապագայի հիմքերը դնելու համար, այդ թվում` արտասահմանյան երկրների, մասնավորապես, Չինաստանի, Ճապոնիայի, ինչպես նաև շատերի, որոնց հետ մենք ունենք լավ հարաբերություններ»,- ասել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ վերջին ժամանակներս հիանալի հիմքեր է դրել Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների ուղղությամբ: Թրամփի խոսքով` առաջին 100-օրվա նախագահության ընթացքում ստորագրել է 32 օրինագիծ:
Միաժամանակ, ԱՄՆ առաջնորդը խոստովանել է, որ իր վարչակազմի հաջողությունների մասին ամերիկացիներին տեղեկացնելու առումով «կնշանակեր» «հինգից հանած»: «Չեմ կարծում, որ մենք շատ ենք խոսում այն մասին, թե ինչ ենք անում, քանի որ այնքան զբաղված ենք, որ անգամ չենք խոսում հաջողությունների մասին»,- ասել է նա: