Վենեսուելան դուրս է գալիս Ամերիկյան պետությունների կազմակերպությունից
Ապրիլի 27-ին մեկնարկում է Ամերիկյան պետությունների կազմակերպությունից Վենեսուելայի դուրս գալու ընթացակարգը, ինչի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դելսի Ռոդրիգեսը, տեղեկացնում է BBC-ին:
Վենեսուելան կդառնա Ամերիկայի՝ ԱՊԿ-ի մեջ չմտնող միակ երկիրը: «Մենք գրավոր պահանջ կներկայացնենք ԱՊԿ-ին եւ կսկսենք ընթացակարգը, որը կետեւի 24 ամիս»,-ասել է նախարարը հեռուստաուղերձում:
Ապրիլի 26-ին Ամերիկյան պետությունների կազմակերպության մշտական խորհուրդը որոշում է ընդունել արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների արտահերթ խորհրդակցություն հրավիրել Վենեսուելայի իրադրությունը քննարկելու համար:
Մինչ այդ Վենեսուելայի ԱԳ նախարարությունն ասում էր, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյից հրահանգ է ստացել ԱՊԿ-ից Վենեսուելայի դուրս գալու ընթակարգ սկսել, եթե նման նիստ հրավիրվի: Վենեսուելայում շարունակվում է քաղաքական ու տնտեսական ընդգրկուն ճգնաժամը: Մի քանի տասնյակ հազար բնակիչներ են մասնակցում բողոքի ակցիաներին երկրի մայրաքաղաք Կարակասում եւ երկրի եւս 20 քաղաքներում:
Ցուցարարները պահանջում են վաղաժամկետ ընտրությունների անցկացում եւ բանտից ընդդիմության առաջնորդների ազատ արձակում: Ընդդիմությունը պնդում է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականությունը հանգեցրել է ծանր տնտեսական ճգնաժամի եւ ժողովրդավարական ազատությունների ճնշման:
Նախագահը հայտարարում է որ իր ընդդիմախոսները փորձում են պետական հեղաշրջում կազմակերպել ԱՄՆ-ի եւ զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ:
1948 թվականին հիմնված ԱՊԿ-ի կազմի մեջ մտնում են Հյուսիսային, Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայի 35 պետություններ: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է Լուիս Ալմագրոն: