«Մոտավորապես 1-2 ամսում Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն Հայաստան»
Ինչպես հայտնի է՝ Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան: Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հ. Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի՝ Հ. Հարությունյանը դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման՝ երկու հոդվածներով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327-րդ (Կեղծ փաստաթղթերի օգտագործում):
Նշենք նաև, որ Հրաչյա Հարությունյանի հարազատները բազմիցս ահազանգել են նրա առողջական ծանր վիճակի մասին: Վերջերս նրան նաև տեղափոխել էին քաղաքացիական բժշկական հաստատություն: Հ. Հարությունյանի հարազատներն արդեն հույս չունեին, որ նրան Հայաստան կտեղափոխեն, ժամանակին տարբեր գերատեսչությունների էին դիմում այդ հարցով, սակայն «ապարդյուն»: Հ. Հարությունյանն ունի ողնաշարի ճողվածք, ինչի պատճառով նրա վիճակն անընդհատ վատանում է:
168.am-ի հետ զրույցում Հ. Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, նշեց, որ միանշանակ գնահատական տալ չի կարող. «Գնահատականս միանշանակ չեմ կարող ասել՝ լա՞վ է, թե՞ վատ է, ուշացնելու կամ շուտ լինելու հարցում ես ինքս չեմ որոշողը, եթե այդպես է ստացվել, ուրեմն՝ այդպես պետք էր, որ ստացվեր»:
Լ. Հարությունյանը նշեց, որ չգիտի՝ կոնկրետ երբ կտեղափոխեն իր հորը, իրենց հստակ ժամկետներ չեն ասել. «Մոտավոր 1-2 ամիս են ասում, բայց դեռ պարզ չէ»:
Նա ասաց, որ տեղեկություն չունի, թե ինչպես է տեղի ունենալու իր հոր տեղափոխման գործընթացը:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է այս պահին Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը: Ի պատասխան՝ Լիլիթն ասաց, որ նրա առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. «Կարծում եմ՝ հիմնականում խնդիրը հենց առողջականի հետ է կապված, որ տեղափոխումն ավելի արագացվեց, որովհետև ինքն ունի լուրջ խնդիրներ»: