Բաժիններ՝

«Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը շատ վատ է եղել». Պատմում է նրա դուստրը

Ինչպես հայտնի է՝ Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն առաջիկայում կտեղափոխվի քաղաքացիական բժշկական հաստատություն։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՌԴ հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրա պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը։

Այցի ընթացքում Հրաչյա Հարությունյանը հանձնակատարի ներկայացուցիչներին գանգատվել է մեջքի շրջանում ցավերից, ինչի հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կկազմակերպվեն Հ. Հարությունյանին անհրաժեշտ հետազոտությունները և համապատասխան բուժումը:

168.am-ի հետ զրույցում Հ. Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, ասաց, որ դեռ տեղեկություն չունի, թե կոնկրետ երբ են իր հորը տեղափոխելու քաղաքացիական հիվանդանոց.

«Գիտենք, որ իր վիճակը շատ վատ է եղել, ներկա պահին թե ինչպե՞ս է, ես չեմ կարող ասել, որովհետև ինքս էլ տեղյակ չեմ։ Մոտավորապես 2-3 շաբաթ առաջ շատ վատ է եղել։ Ինքն ունի ողնաշարի ճողվածք, որի համար շատ խիստ բուժում էր հարկավոր, այդ իսկ պատճառով վիճակը շատ վատացել է, հիմա ինքը բուժվում է»։

Կարդացեք նաև

Մենք հետաքրքրվեցինք, թե Հ. Հարությունյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելուց հետո, հնարավո՞ր է՝ իրենք գնան նրան տեսակցելու։ Ի պատասխան՝ Լ. Հարությունյանն ասաց, որ դեռ այդ հարցը չեն քննարկել, բայց եթե անհրաժեշտությունը լինի, անպայման կգնան։

Լ. Հարությունյանը նշեց, որ հեռախոսակապն իր հոր հետ նորմալ չի եղել։ Նրա վիճակի մասին հիմնական տեղեկությունները հարազատների միջոցով են ստացել, և շատ հազվադեպ է հնարավորություն եղել խոսել նրա հետ։

Մեր այն հարցին, թե՝ այս տարիների ընթացքում ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան տարբեր գերատեսչությունների աշխատանքներն այդ հարցով, Լ. Հարությունյանը պատասխանեց` շատ վատ. «Կար պայմանագիր, որ կարող էին տեղափոխել, ինչ-ինչ պատճառներով չտեղափոխեցին, ես ինքս էլ պատճառը չգիտեմ ու չեմ հասկանում, որովհետև կոնկրետ պատճառ չի նշվում»։

Լ. Հարությունյանը նշեց, որ, եթե նախկինում հանդիպումներ էր ունենում  այդ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, ապա հիմա այլևս չի ունենում. «Ինքս եմ հրաժարվում, ցանկություն չունեմ ընդհանրապես ոչ մեկի հետ հանդիպելու, ժամանակին, երբ հանդիպում էի, ոչինչ չարվեց, ու ներկա պահին ես շատ զբաղված եմ իմ աշխատանքով ու չեմ կարող աշխատանքս կորցնել այն դեպքում, որ գիտեմ, որ անիմաստ է, եթե իմանամ, որ անիմաստ չէ, նորից կանեմ այն քայլերը, ինչ արել եմ ժամանակին»։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հ. Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի՝ Հ. Հարությունյանը դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման՝ երկու հոդվածներով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327-րդ (Կեղծ փաստաթղթերի օգտագործում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս