Բաժիններ՝

Կանադայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է. «Ապրիլի 21-ին Լավալ քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացավ հիշատակի միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին Կանադայի խորհրդարանի պատգամավորներ Էվա Նասսիֆը և Ֆայզալ Էլ-Խուրին, Լավալի քաղաքապետ Մարկ Դեմերսը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ներկաներին ելույթով դիմեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Միջոցառման ընթացքում Էվա Նասսիֆն ընթերցեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձը։

Ապրիլի 23-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Սվազլեանը, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Արնոլդ Չանը, հասարակական-քաղաքական գործիչներ, տորոնտոհայեր:

Ապրիլի 24-ին ՀՀ դեսպանության առջև գտնվող «Հավերժ Հայաստան» հուշարձանի առջև տեղի ունեցած ծաղկեպսակների զետեղման արարողությամբ մեկնարկեցին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումները: Դեսպան Եգանյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ, ինչից հետո ՀՀ դեսպանությունում հոգևոր հայրերի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ ավանդական հիշատակի աղոթք և խնկարկում: ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցեց նաև Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը:

Այնուհետև Կանադայի խորհրդարանի առջև կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հավաքը, որին ներկա էին դեսպան Արմեն Եգանյանը, Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, կանադացի խորհրդարանականներ, Կանադայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Եգանյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությանը` բոլոր մակարդակներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու համար: Դեսպանն ընդգծեց, որ Կանադայի կառավարության այդ սկզբունքային դիրքորոշումը մշտապես արժանացել է կանադահայ համայնքի երախտագիտությանն ու հարգանքին:

Կանադայի կառավարության անունից ելույթ ունեցավ խորհրդարանի անդամ Ֆայզալ Էլ-Խուրին: Միջոցառումից հետո կայացավ հիշատակի քայլերթ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս