Ոչ բոլորի մահվան դեպքում է նշանակվում թաղման նպաստ. dialogue.am
Յուրաքանչյուր տարի պետությունը հատուկ բյուջե է հաստատում՝ որոշակի խումբ մարդկանց մահվան դեպքում միանվագ կարգով 200.000 դրամ թաղման նպաստ նշանակելու համար: Նպաստը նշանակում է ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Նպաստի այս տեսակը տրամադրվում է բացառապես հուղարկավորությունը կատարած անձին և միայն մեկ կարևոր փաստաթղթի՝ մահվան վկայականի առկայության դեպքում:
Որ անձանց մահվան դեպքում նշանակվում մահվան նպաստ…
- կենսաթոշակառուի մահվան դեպքում
- հաշմանդամություն ունեցող անձի մահվան դեպքում, երբ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում չի ներկայացել փորձաքննության և այդ ընթացքում մահացել է
- հաշմանդամ ճանաչված այն անձին, ով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի (ԲՍՓ) կողմից ճանաչվել է հաշմանդամ, բայց նպաստը ստանալու համար չի դիմել և մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամիսների ընթացքում
- ծառայությունից սահմանված կարգով արձակված, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո` 6ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի մահվան դեպքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:
Իհարկե, նպաստը նշանակելու համար պարտադիր պայման է, որ նպաստառուն մահացած լինի Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև հուղարկավորությունը կատարված լինի այստեղ:
Ի՞նչ ժամկետներում է դիմում ներկայացնել ՍԱՊԾ
Հուղարկավորություն կատարած անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ԱՍՀՆ Սոցիալական ապահովության ցանկացած տարածքային կենտրոն կարող է ներկայացնել անձի մահվանից հետո մինչև 6 ամսվա ընթացքում: 6 ամիսը բաց թողնելու դեպքոււմ ՍԱՊԾ-ն մերժում է հուղարկավորությունը կատարած անձի դիմումը և այլևս պարտավորություն չի ունենում փոխհատուցել մահվան ծախսերի համար նախատեսված միանվագ նպաստը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
եթե նպաստը չի վճարվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով, ապա այն վճարվում է առանց 6-ամսյա ժամկետի սահմանափակման:
Նշենք, որ 2016-ի կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը պետք է վճարվեր նաև անկանխիկ եղանակով՝ դիմումն ու համապատասխան փաստաթղթրը ներկայացնելուց հետո 5 աշխատաքային օրվա ընթացքում: Միանվագ գւոմարը կարող են ստանալ նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած ցանկացած բանկից: Թաղման նպաստը արդեն վճարվում է և անկանխիկ և կանխիկ եղանակով` նշանակելու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:
Ներկայացվող Փաստաթղթեր…
Թաղման նպաստ ստանալու համար անձը ներկայացնում է՝
- դիմումը
- անձը հաստատող փաստաթուղթ
- սոցիալական ապահովության քարտ
- մահվան վկայականը և դրա պատճենը
- Հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, բացի նշված փաuտաթղթերից, ներկայացվում է նաև բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մաuին:
Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը