Հայաստանի բանկերի շահույթն ու շահութաբերությունը 2017-ի առաջին եռամսյակում
ՀՀ առևտրային բանկերը հրապարակել են 2017 թվականի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։
Ներկայացնում ենք թվով 17 բանկերի շահույթի և շահութաբերության ցուցանիշները (տվյալների մշակումը՝ B4B PRO համակարգի)։
Բանկերի շահույթը
ՀՀ շուկայում գործող 17 բանկերից 15-ը այս տարվա առաջին եռամսյակը փակել են շահույթով, 2-ը՝ վնասով։
Շահույթի մեծությամբ առաջատարը Ինեկոբանկն է՝ ավելի քան 1.7 մլրդ դրամով (նշենք, որ խոսքը վերաբերում է հարկումից հետո շահույթին)։
Երկրորդ տեղում Ամերիաբանկն է (1 մլրդ 644.7 մլն դրամ), երրորդում՝ HSBC Հայաստան բանկը (1 մլրդ 572.3 մլն դրամ)։
Շահույթով աշխատած 15 բանկերի ընդհանուր շահույթը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 12 մլրդ դրամ, վնասով աշխատած 2 բանկերի ընդհանուր վնասը՝ 1 մլրդ 137 մլն դրամ։
17 բանկերի ընդհանուր զուտ շահույթը, այպիսով, կազմել է 10 մլրդ 871 մլն դրամ։
Բանկերի շահութաբերությունը
Շահույթի մեծությունը կարևոր ցուցանիշ է, սակայն թեմայի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է իմանալ նաև շահութաբերության ցուցանիշը։
Շահութաբերության գնահատման մի շարք ցուցանիշներ կան, սակայն մենք ընտրել ենք ամենատարածվածներից մեկը՝ շահութաբերությունը ըստ կապիտալի (ROE): Այն ցույց է տալիս շահույթի և կապիտալի միջին մեծության հարաբերակցությունը։
Ինչպես տեսնում եք, շահութաբերության ցուցանիշով նույնպես առաջատարը Ինեկոբանկն է՝ 3.81%։
Երկրորդ տեղում Արմսվիսբանկն է՝ 3.58%, որը շահույթի մեծությամբ վեցերորդն էր։ HSBC Հայաստան բանկը ինչպես շահույթի մեծությամբ, այնպես էլ շահութաբերությամբ՝ երրորդն է՝ 3.29%։
Չորրորդ ամենաշահութաբեր բանկը ԱԿԲԱ – Կրեդիտ Ագրիկոլն է, իսկ հնգյակը եզրափակում է Ամերիաբանկը։