«Գերակա շահի հիմքում գեղագիտակա՞ն շահն է ընկած». ՍԴ որոշմամբ՝ Ֆիրդուսի բնակիչների պահանջը նորից կսկսեն քննել առաջին ատյանում
Անցած շաբաթվա վերջին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել են Երևանի կառուցապատմանն ու շինարարության ոլորտի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Երևանի թիվ 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի կառուցապատման ծրագրերին առնչվող հարցերին: Սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ այլ տեղեկություն չի նշվում, թե կոնկրետ ինչ է քննարկվել արդեն մոտ 10 տարի գերակա շահ ճանաչված այս թաղամասի հետ կապված։
Ֆիրդուս թաղամասի կառուցապատման մասին այս տարվա փետրվարի սկզբին կրկին խոսել էր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ հայտարարելով, թե Ֆիրդուսի շուկան կքանդվի, իսկ արդեն տարվա երկրորդ կեսին կսկսեն իրականացվել շինարարական աշխատանքներ: Թե ի՞նչ է լինելու բնակիչների ճակատագիրը, Նարեկ Սարգսյանն ասել էր, որ իր կոմիտեն չի զբաղվում նրանց փոխհատուցումով, բայց տեղյակ է, որ նախկինում բնակարանները կորցրած մարդկանց խնդրի լուծումն ընթացքի ավարտական փուլում է, կառավարությունը կուտակային վճարման հիմունքներով բնակարաններ է ձեռք բերել, որոնք հատկացվում են այդ մարդկանց, և պայմանագրեր են կնքվում:
Սակայն, ըստ ամենայնի, շինարարական աշխատանքները դժվար թե այդքան շուտ սկսվեն։ Եթե, իհարկե, ամենակարող չինովնիկներն «այլընտրանքային» ուղիներ չգտնեն։
Խնդիրն այն է, որ Ֆիրդուսի բնակիչների գործը նորից պետք է սկսի քննել դատական առաջին ատյանը։ Այս տարվա փետրվարի 28-ին այդ թաղամասի բնակիչներ «Աշոտ Քոչարյանի և այլոց» (ևս 20 քաղաքացիների) դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որ ստորադաս դատարանների վճիռներում թերություն կա, և վարչական դատարանը նորից պետք է սկսի գործի քննությունը։ Վարչական դատարանը նոր դատական գործընթացի առաջին նիստի օրը դեռևս չի նշանակել։
Դատարան դիմած քաղաքացիներից Ռուբեն Աթոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք գլոբալ հարց են շոշափում, և խնդիրը բոլորովին էլ գումարը չէ։ Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացու սեփականությունը պաշտպանված է օրենքով, և պետությունն այն կարող է վերցնել միայն որոշ սահմանված դեպքերում, օրինակ՝ գերակա շահ ճանաչելու դեպքում։ Սակայն, ըստ Ռ. Աթոյանի, պետությունը կոպտորեն խախտել է այդ օրենքը։ Առաջին անգամ 2007 թ. հունվարին Ֆիրդուսի թաղամասը ճանաչվել է՝ որպես գերակա շահ, իսկ ձեռք բերող՝ «Սիթի սենթեր դևելոփմենթ» ընկերությունը, սակայն, նշեց Աթոյանը, այս 10 տարվա ընթացքում դեռ ոչինչ չի արել տարածքում։ Նրա բնորոշմամբ՝ ընկերության պայմանագրերի ժամկետները կառավարությունն «օդից վերցրած որոշումով» է երկարացրել, որի իրավասությունը չունի։
«Կարող էին նոր գերակա շահ ճանաչել՝ նոր ձեռք բերողներով, բայց հին որոշման ժամկետն իրավունք չունեն երկարացնել։ Ըստ օրենքի՝ 7 տարուց ավելի չի կարող նույն տարածքը գերակա շահի տակ լինել։ Դա մարդու իրավունքների խնդիր է»,- ասաց Ռ.Աթոյանը՝ հավելելով, որ իրենք բողոքարկել էին գերակա շահի ճանաչման որոշման երկարացումը։
Թե ի՞նչ ակնկալիքներ ունեն դատական նոր գործընթացից, Ռ.Աթոյանը նշեց, որ խնդիրն այնքան անկհայտ է, որ այստեղ 2 ձևով չի կարելի մեկնաբանել, հայցը հիմնավորված է, իսկ խախտումները շատ են։
Ռ.Աթոյանը մատնանշեց մի խնդիր ևս։ Ֆիրդուս թաղամասի տարածքը հատկացվել էր «Սիթի սենթեր դևելոփմենթ» ընկերությանը, սակայն 2015 թ.-ին կառավարության 628-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերակազմակերպման արդյունքում «Սիթի Սենթր Դիվելըփմենթի» կազմից առանձնացվել են մի շարք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, տարածքը մասնատվել է, և Երևանի քաղաքապետարանը գերակա հանրային շահի մասին պայմանագրեր է կնքել նաև «Վան Քոնսթրաքշն», «Էրզրում Քոնսթրաքշն», «Բիթլիս Քոնսթրաքշն», «Ադանա Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն», «Դիարբեքիր Քոնսթրաքշն», «Ակն Քոնսթրաքշն», «Մանազկերտ Քոնսթրաքշն», «Սասուն Քոնսթրաքշն», «Զեյթուն Քոնսթրաքշն», «Բաբերդ Քոնսթրաքշն», «Կարս Քոնսթրաքշն», «Արդահան Քոնսթրաքշն», «Իգդիր Քոնսթրաքշն» և «Տարսոն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունների հետ, իսկ սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է։
«Բայց սա սովորական պրոցես չէ, որ «Սիթի սենթերը» կարողանա այդպես բաժանվել։ Կառավարության որոշումով հենց այդ կազմակերությունն է ճանաչվել ձեռք բերող՝ որոշակի հատկանիշների համար, և պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար։ Նաև պետությունն է սուբսիդիալ պատասխանատվություն կրում, եթե, օրինակ, այդ ընկերությունը սնանկ ճանաչվի»,- նկատեց Ռ.Աթոյանը։
Ըստ նրա՝ այս կառուցապատման ծրագիրը պետության կարիքների հետ բոլորովին կապ չունի, պետական նշանակության կամ անվտանգության հետ կապված որևէ հարց չկա. «Ի՞նչ իրավունք ունեն ասեն՝ քո տունը լավը չի, ես ավելի լավը կկառուցեմ։ Ստացվում է՝ գերակա շահի հիմքում գեղագիտակա՞ն շահն է ընկած։ Այդ սկզբունքով որ տունը ուզենաս՝ կքանդես»։
Ռ.Աթոյանի կարծիքով՝ եթե այժմ դատարանը հօգուտ բնակիչների վճիռ կայացնի, ապա հնարավոր է՝ համարժեք փոխհատուցեն, և մարդիկ համաձայնեն, իսկ եթե չհամաձայնեն, անկախ գնահատողները գնահատում են տունը, և ընկերությունը պարտավոր է 15% խրախուսման գումար ավելացնել, բայց եթե դրան էլ չեն համաձայնում բնակիչները, համապատասխան ընթացակարգ կա։
Ռ.Աթոյանը գտնում է, որ ընդհանուր մեթոդաբանությունն է սխալ, և գնահատման ինստիտուտը ճիշտ չէ, քանի որ ցանկացած գնահատող, որքան էլ պրոֆեսիոնալ լինի, կարող է ընդամենը կարծիք հայտնել, թե տան շուկայական գինն ինչքան է։ Նա նշեց, որ լիցենզիաները տրվում են մի կենտրոնից, և կարող է ազդեցություն լինել գնահատող ընկերությունների վրա։ Ռ.Աթոյանի խոսքով՝ սովորաբար շատ ցածր են գնահատում, ապա կառուցապատող ընկերության սեփականատիրոջը ներկայացնում են՝ որպես «աղա» մարդ, որը որոշ սահմանափակ ժամկետում առաջարկում է գնահատվածից մի փոքր ավելի գումար, բայց իրական արժեքից ցածր. «Ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ մի ուզի։ Եթե իրական արժեքը տան, այս ծրագրերը կիմաստազրկվեն։ Այսինքն՝ այդ գերակա շահը մի արհեստական գործիք է, որի միջոցով գույքը մարդկանց ձեռքից ուղղակի վերցնում են։ Մենք քաղաքի գլխավոր ճարտարապետին, ընկերությանը հարցումներ էինք արել, թե ինչ է լինելու այդ տարածքում, պատասխանել են՝ դեռ պարզ չի։ Է, եթե պարզ չի, էլ ի՞նչ գերակա շահ»։