«Իմ արտասահմանյան գործընկերները ցանկանում են ներդրումներ կատարել, բայց ես երաշխիքներ չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու». Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կանխատեսել է, որ խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած քաղաքական ուժը պետք է շատ լավ արդյունքներ արձանագրեր, քանի որ ժողովրդին հստակ ներկայացրել է իր ծրագիրն ու մոտեցումները:
Այսօր րագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն նշեց, որ, անկախ ամեն ինչից, ինքը բոլորին շնորհակալ է: «Եվ մեզ ձայն տվողներից եմ գոհ, և նրանցից, ովքեր մեզ ձայն չեն տվել: Ամեն մարդ ինքն է որոշում իր ապագան: Ես կրկնում եմ` շարունակում եմ կանգնած մնալ իմ ժողովրդի կողքին»,- ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր դաշտո՞ւմ է գործելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դուք հիմա տեսնում եք, որ մենք ընդդիմություն ենք: Ընդդիմություն լինելը միայն ցեխ շպրտելով չէ: Մարդիկ պետք է կարողանան գործ անել, որ ժողովրդի կյանքում բան փոխվի: Ցեխ շպրտելով, մարդկանց վիրավորելով ոչ կկարողանանք երկիր կառուցել, ոչ էլ մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովել»:
Անդրադառնալով հարցին` կլինե՞ն 15 միլիարդ դրամի ներդրումները, ինչի մասին ինքը խոստացել էր, Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ դա կլիներ այն դեպքում, եթե «Ծառուկյան» դաշինքն ընտրությունների արդյունքներով կարողանար խորհրդարանում մեծամասնություն կազմել:
«Իմ արտասահմանյան գործընկերները ցանկանում են ներդրումներ կատարել, բայց ես երաշխիքներ չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու: Քանի որ ժողովուրդը մեզ 30 տոկոս ձայն տվեց, դա կմնա մյուս ընտրությանը»,- ընդգծեց նա:
Նա անդրադարձավ նաև լուրերին, թե «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է որպես Ազգային ժողովի փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը: