«Ամբողջ Կրթության նախարարությունն էրեխեքին բերում է՝ հայհոյելու թուրքերին. սա չէ Հայաստանի զարգացման ճանապարհը». Արամ Մանուկյան

Այսօր ՀԱԿ անդամները գնացել էին Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Նշենք, որ այս տարի՝ Ցեղասպանության 102-րդ տարելիցին, ՀԱԿ-ի հետ Ծիծեռնակաբերդ չէր եկել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապրիլի 24-ն այն օրն է, երբ պետք է ամփոփես ու նախագծես. «Մենք ունենք, մեր ազգն ունի արդարության, արդար վճռի, պատմության սխալներն ուղղելու պատմական առաքելություն, նպատակ: Կա մեկ լուծում, միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավոր, այլ լուծում չկա: Պետք է լինես ուժեղ, կայացած, գործող, որպեսզի ուրիշներից պահանջես, ստիպես, խնդրես ճանաչել: Մինչդեռ Հայաստանը չի գնում այդ ճանապարհով, Հայաստանը գնում է բացարձակապես այլ ուղղությամբ: Այն իրավիճակը, որում հայտնվել է մեր ժողովուրդը, ուղղակի ողբերգական է: 10 տարի առաջ այս ճանապարհը մենք անցնում էինք 2-2.5 ժամում, մենք այսօր այդ ճանապարհն անցել ենք 25 րոպեում, Հայաստանում ժողովուրդ չի մնացել»:

Նրա խոսքով՝ ամեն Աստծո օր Հայաստանը լքում է 150 մարդ, և այս կերպ դաս քաղել Ցեղասպանությունից՝ հնարավոր չէ, մենք հակառակ ուղղությամբ ենք գնում. «Ես այս կես ժամը քայլելուց խեղճացել եմ, մի՞թե այս անկախության 30 տարիները մենք չենք կարողանում օգտագործել Հայաստանն ուժեղացնելու համար: Հայհոյանքն ու դրոշ վառելը դարձել է հայրենասիրության սիմվոլ, ամբողջ Կրթության նախարարությունն էրեխեքին բերում է՝ հայհոյելու թուրքերին. սա չէ Հայաստանի զարգացման ճանապարհը: Մենք գնում ենք սխալ զարգացման ճանապարհով, որը չի բերելու Ցեղասպանության արդար դատի կայացմանը»:

Հարցին՝ եթե այսօր իշխանության լինեիք, ինչպե՞ս էիք Անկարայի հետ հարաբերություն կառուցելու, Ա. Մանուկյանն այսպես պատասխանեց. «Ինչպես միշտ հայտարարել ենք՝ բարիդրացիական հարաբերություններով, տնտեսական հարաբերություններով, հարևանություն անելով, որի միջոցով դու հզորանում ես, դառնում ես հզոր երկիր և լուծում ես քո պատմական խնդիրները»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս