Բաժիններ՝

«Մենք ձեզ կպաշտպանենք, երդվում ենք». Նարե Արամյանը՝ Արծվիկ Մինասյանին

«Երբեք պատկան մարմինը մեղավոր չի լինում, բայց ամբողջ պատասխանատվությունը նախարարությունների վրա է։ Մենք միշտ այստեղ հանդիպումներ ենք ունեցել և հանրային վերահսկողության խնդիրը շատ լուրջ բարձրացրել ենք, մեզ ասել են՝ այո, դուք հրաշալի աշխատանք եք անում։ Բայց եթե դա չի արվում այն քաղաքական կամքի դրսևորմամբ, որի արդյունքում բնապահպանության նախարարությանն առնթեր հանրային խորհրդի փորձագիտական խմբի միջոցով կարվի ամենօրյա վերահսկողություն նույն նախարարության տեսչությունների աշխատանքի նկատմամբ, մենք երբեք ոչնչի չենք հասնի»,- ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հասարակական սեկտորի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը։

Նա նշեց, որ բավականին լուրջ առաջընթաց են ունեցել նախորդ նախարարի ժամանակ, երբ հանդես են եկել փոքրիկ օրենսդրական առաջարկներով, անգամ եղել են ԱԺ-ում, բայց, նրա խոսքով այլևս ոչինչ այդ ուղղությամբ չի արվել. «Այսինքն՝ մենք ինչ-որ չափով աշխատում, ինչ-որ բանի հասնում ենք, այս ոլորտում էլ է դա լինելու, համոզված եմ, չեմ կասկածում ձեր սկզբունքայնության և հետևողականության վրա, բայց մենք երբեք դրանից հեռու չենք գնում։ Եվ եթե հանրային վերահսկողությունը ձեր քաղաքական բարի կամքի արդյունքում չլինի, մենք ընդհանրապես առաջ չենք գնալու»։

Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Ես չգիտեմ, թե որտեղից է ձեզ մոտ այդքան թերահավատությունը»։

Նարե Արամյանը պատասխանեց, որ եթե նախարարը մոտ 2 տարի է այս ոլորտում, ապա ինքը տասը տարուց ավելի է՝ զբաղվում է բնապահպանական խնդիրոներով։

Նախարարը նշեց, որ երկու տարի էլ չկա, և մասնագիտական առումով իրեն ավելի թույլ է համարում, բայց դա չի նշանակում, որ պետք է թերահավատորեն մոտենալ. «Այսքան ժամանակ եթե իմ որևէ ասած կամ ձեռնարկած գործողության նկատմամաբ կարծիք ունեք, որ ասել կամ հայտարարել ու չեմ արել, ես կխնդրեմ փաստերով խոսել։ Իսկ արդյունքի տեսքով առաջընթացը բոլորիս աշխատանքի արդյունքը պետք է լինի։ Շատ կարևոր մի բան կա՝ ինչ պայմանավորվում ենք՝ պետք է անենք։ Մենք գնում ենք ռեֆորմի. նախարարության կազմում, մոտեցումներում պետք է ռեֆորմներ արվեն»։

Նարե Արամյանը շարունակեց. «Պարոն նախարար, թույլ տվեք մենք ձեզ օգնենք, էլի։ Մենք ձեզ շատ սիրում ենք, ի նկատի ունեմ՝ նախարարությունը, բայց մենք ձեզ պետք է պաշտպանենք այնքանով, որ այլ մարմինների անգործությունից միայն դուք չտուժեք։ Դա իսկապես արվում է միտումնավոր. ամբողջ պատասխանատվությունը դնում են բնապահպանության նախարարության վրա, որը առաջինը պետք է հաղորդում տա ոստիկանությանը, դատախազությանը և այլն։ Այսինքն՝ ամբողջ պատասխանատվությունը ձեր ուսերին է, հետո դուք բարի կամք եք դրսևորելու ու մենք մնանք այս հիանալի բարի մթնոլորտում, ինչը ոչ մեկիս էլ պետք չէ»։

Նախարարը նշեց, որ լիարժեք համաձայն է նշվածի հետ։

«Մենք ձեզ կպաշտպանենք, երդվում ենք, բայց դուք պետք է լինեք նախաձեռնողը»,- շարունակեց Արամյանը, իսկ Արծվիկ Մինասյանն ասաց, որ անհամբեր սպասում է ստեղծվելիք խորհրդի առաջին նիստին, որտեղ կհստակեցնեն իրենց անելիքները, օրակարգը։

«Մայիսի առաջն շաբաթում էլ կարելի է սկսել»,- ասաց Մինասյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս