Էներգետիկ շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը կներկայացվի կառավարության հաստատմանը
Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ համատեղ մշակված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը մինչև 2017թ. մայիսի 31-ը կներկայացվի կառավարության հաստատման։ Այն նախատեսում է էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացում, որը պետք է իրականացվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Դրանով շուկայի մի մոդելից անցում է կատարվելու մեկ այլ մոդելի, որտեղ ներմուծվելու են ազատականացման տարրեր։
Ակնկալվում է, որ այն նպաստավոր ազդեցություն կունենա ինչպես շուկայի մասնակիցների ծախսերի կրճատման, այնպես էլ սակագների ձևավորման վրա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ, Հայաստանում նոր էլեկտրաէներգետիկական շուկա ձևավորելու նախաձեռնությունը պայմանավորված է ներքին շուկայի պահանջներով, դրա կատարելագործման, ինչպես նաև Վրաստանի հետ առևտրի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքով, միջսահմանային առևտուրը ընձեռում է փոխշահավետ հնարավորություններ և նպաստում է ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը:
Հայկ Բադալյանի տեղեկացմամբ, միաժամանակ աշխատանքներ են տարվում նաև էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այլ պետական մարմինների գործառույթների հստակեցման նպատակով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ուղղությամբ: Ինչպես շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը, այնպես էլ դրանից բխող «Էներգետիկայի մասին&r aquo; օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է շուկայի մասնակիցների հետ:
Փաստաթղթերը ուղարկվել են շահագրգիռ գերատեսչություններին: «Ստացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփումից հետո, վերջնական տարբերակը մինչև հաջորդ ամսվա վերջ կներկայացվի կառավարության հաստատմանը»,- նշել է Հ.Բադալյանը։