Բաժիններ՝

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-մարտին 6,6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում: Նվազել են նաև սպառողական գները:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13,6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-մարտին ցուցանիշը 9,3 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-մարտի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 10 տոկոսով` կազմելով 301 մլրդ 945,1 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 1,5 տոկոսով` կազմելով 69 մլրդ 505,4 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-մարտին նվազել է 0,3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 3,4 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 11,3 տոկոսով և կազմել 489 մլրդ 203,1 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 361 միլիարդ 817,8 միլիոն դրամ, 16,1 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվար-մարտի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,1 տոկոսով (183 հազար 643 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 155 հազար 125 դրամ` նվազելով 1,8 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 219 հազար 613 դրամ` աճելով 2,2 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-մարտի համեմատ աճել են 17,4 տոկոսով (1 մլրդ 246,8 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 16,5 տոկոսով (443,1 մլն դոլար), իսկ ներմուծումը` 17,9 տոկոսով (803,7 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մարտին եղել է 485,78:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս