Բաժիններ՝

«ՄԻԵԴ­-ը չի կարող չեղարկել Թուրքիայի հանրաքվեի արդյունքները». Յագլանդ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, համաձայնելով Թուրքիայի արդարադատության նախարարի հայտարարությանը, նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չի կարող չեղարկել Թուրքիայում ապրիլի 16­-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: «Ոչ մի միջազգային կազմակերպություն իրավասու չէ չեղարկելու որևէ երկրում իրականացված հանրաքվեի արդյունքները»,­- նշել է Յագլանդը:

Թուրքիայում ապրիլի 16-­ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթել է «այո»-­ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև չկնքված քվեները:

Ապրիլի 19-­ին, սակայն, հանձնաժողովը մերժել էր բողոքարկումը: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին:

Հանրաքվեի արդյունքներով տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները նախատեսում են ընդլայնել նախագահի լիազորությունները: Թուրքիան անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս