Բաժիններ՝

«Պատրաստվում ենք մուտք գործել Եվրոպական Միության և Մերձավոր Արևելքի շուկա»

«Սպայկա» ընկերությունը 2017թ. ընթացքում նախատեսում է Հայաստանում ավելի քան 70 միլիոն դոլարի ներդրում կատարել, որի արդյունքում կստեղծվի ավելի քան 300 աշխատատեղ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը: «Այսօր մենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելու ենք «Սպայկա» ընկերության 2017թ. ներդրումային ծրագրերը: Մենք մի քանի խոշոր ծրագիր ենք նախատեսել, որոնց արդյունքում ավելի քան 300 նոր աշխատատեղ է բացվելու, իսկ Հայաստանում ավելի քան 70 միլիոն դոլարի ներդրում է արվելու»,-  նշեց Բաղդասարյանը:

Ընկերությունը նախատեսում է հիմնել պանրի գործարան, կաթի արտադրության և վերամշակման գործարան, ավելի քան 20 հեկտար ջերմոցային տնտեսություն: Հիմնվելու են ինտենսիվ այգիներ` ավելի քան 1000 հեկտար:

«2017թ. մենք ընդլայնելու ենք մեր արտահանման շուկան: Պատրաստվում ենք մուտք գործել Եվրոպական Միության և Մերձավոր Արևելքի շուկա: 2016թ. ընթացքում ընկերությունը 100 հազար տոննա ապրանք է արտահանել: 2017թ. այդ ծավալն առնվազն պահպանվել է, պլանավորում ենք եկող տարվա համար 20 տոկոսով ավելացնել:

Կարեն Բաղդասարյանը նաև նկատեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը դրական է ազդել ընկերության գործունեության վրա:

«Ուսումնասիրելով Ռուսաստանի շուկան՝ հսկայական պոտենցիալ տեսանք: Ներկայումս արդեն իսկ պայմանագրեր են կնքվել՝ Հայաստանից տարեկան ավելի քան 1000 տոննա բորբոսով պանիր արտահանելու նպատակով: Դրա համար էլ հենց կառուցվելու է այդ գործարանը», – ասաց Բաղդասարյանը: Պանրի գործարանը գործելու է Կոտայքի մարզում: Այս տարվա ընթացքում ընկերությունը պատրաստվում է կաթի արտադրության և վերամշակման համար ներդնել ավելի քան 18 մլն դոլար:

«Սպայկա» ընկերությունը ստեղծել է իր հիմնական ակտիվները 2008-2016թթ-ին, որոնց միջոցով ճանաչելի է դարձրել հայկական գյուղմթերքը արտասահմանյան մեծածախ ու մանրածախ շուկաներում, կիրառելի դարձրել եվրոպական արտահանման երաշխիքային գործակալությունների ֆինանսավորման մեխանիզմները Հայաստանում ներդրումների ներգրավման համար՝ ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների դաշտում զբաղեցնելով առաջատար դիրքեր ողջ տարածաշրջանում։  Այս ընթացքում ընկերությունը կայացել է որպես տարածաշրջանի առաջատար ագրոհոլդինգ, ստեղծել ֆերմերներից թարմ պտուղ-բ անջարեղենի մատակարարման լայն ցանց ամբողջ ՀՀ տարածքում, մի շարք ապրանքատեսակների մասով գերիշխող դիրքեր է գրավել ՌԴ մեծածախ ու մանրածախ շուկաներում՝ մեծապես նպաստելով Հայաստանում ինտենսիվ այգեգործության ու ջերմոցաշինության զարգացմանը։

2016թ. դրությամբ ընկերության կատարած ուղղակի ներդրումները կազմել են 86 մլն ԱՄՆ դոլար, այն ունի լոլիկի եւ վարունգի արտադրության 35 հա տարածքով ջերմոցային համալիր, 215 Volvo մակնիշի բեռնատար, 60 հա ինտենսիվ և 20 հա ծիրանենու ավանդական այգիներ եւ 926 մշտական աշխատող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս